00:00:00

Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան

10:52, 13 օգոստոս 2026 Բլոգ

«Վերջին մի քանի իրադարձություններ ստիպում են կատարվողը դիտարկել ոչ թե առանձին դրվագներով, այլ մեկ ամբողջական համատեքստում»,- նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նա գրել է. «Երեկ Ալիևը կրկին անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ, իր մեկնաբանությամբ, Երևանը ժամանակին չէր ցանկանում համաձայնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով հաղորդակցության երթուղու բացմանը։

Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն այն, ինչ է ասում Ալիևը, այլև այն, թե ինչ քաղաքական տրամաբանություն է դրված այդ հայտարարության տակ։

Ադրբեջանի նախագահի խոսքում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրավիճակը ներկայացվում է որպես գործընթաց, որի շրջանակում Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի կողմից առաջադրվող պայմանները։ Այսինքն՝ անցյալի իրադարձությունները պարզապես չեն հիշատակվում․ դրանք օգտագործվում են որպես այսօր Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու քաղաքական հիմք։

Սա կարևոր է նաև այն պատճառով, որ Ալիևի հայտարարությունը հնչում է մի ժամանակահատվածում, երբ ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվում է մեկ այլ ուշագրավ տեքստ։

Այնտեղ արդեն բացահայտ պահանջվում է Հայաստանի իշխանություններից փակել Արցախի ներկայացուցչությունը, ապամոնտաժել Արցախի հետ կապված քաղաքական և կազմակերպական կառույցները, վերացնել «անջատողականության» խորհրդանիշները և նույնիսկ կատարել անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ։

Եվ վերջում հնչում է սպառնալիքի ակնարկ.

«…չհասնի անհրաժեշտությանը ավելի կոշտ մեթոդներով հիշեցնելու, թե ով է այսօր որոշում տարածաշրջանային օրակարգը»։

Այս երկու հայտարարությունները պետք է կարդալ միասին։

Ալիևը խոսում է Ադրբեջանի տարածաշրջանային պահանջների կատարման մասին, իսկ ադրբեջանական տեղեկատվական դաշտը նույն տրամաբանությունը տեղափոխում է Հայաստանի ներքին քաղաքական և իրավական տարածք՝ պահանջելով, թե ինչ պետք է փակվի, ինչ պետք է վերացվի և նույնիսկ ինչ պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրության մեջ։

Եվ այս ֆոնին երեկ պարզվում է, որ, ըստ հրապարակված տեղեկությունների, Հայաստանի Վերաքննիչ դատարանը արագացված ընթացակարգով քննելու է Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը։

Բաքուն պահանջում է վերացնել Արցախի պետականության հետքերը, իսկ Հայաստանում նույն օրերին արագացվում է Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական գործընթացը. սա առնվազն պահանջում է շատ լուրջ հանրային և քաղաքական ուշադրություն։

Խնդիրը շենքը չէ։

Խնդիրը նույնիսկ միայն Արցախի ներկայացուցչությունը չէ։

Խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումների սահմանն է։

Եթե Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն պահանջել, թե Հայաստանում ինչ կառույցներ պետք է փակվեն, ինչ խորհրդանիշներ պետք է վերացվեն, ինչ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, իսկ այդ պահանջների ֆոնին Հայաստանի ներսում տեղի են ունենում դրանց բովանդակությանը համահունչ գործընթացներ, ապա մենք պարտավոր ենք հարցնել՝ ո՞վ է ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը։

Այսօր՝ Արցախի պետականության հետքերը։

Վաղը՝ ո՞ր պահանջը։

Ստացվում է, որ Նիկոլի «խաղաղության օրակարգը» Բաքվի պահանջների կատարման օրակարգ է։

Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի պետություն մյուսին թելադրում է՝ ինչ անել իր տարածքում, ինչ կառույցներ պահպանել կամ փակել, ինչ խորհրդանիշներ վերացնել և ինչ փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ։

Խաղաղությունը ինքնիշխան պետությունների հարաբերություն է։

Թելադրանքը՝ ոչ։

Ուստի այսօր Հայաստանի իշխանություններին պետք է ուղղել մեկ պարզ հարց.

Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր