00:00:00

Հայաստանը, հավանաբար, ինքնուրույն դուրս չի գա ՀԱՊԿ-ից և սպասում է Ռուսաստանի որոշմանը. «Коммерсантъ»

22:04, 17 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանը, հավանաբար, ինքնուրույն չի նախաձեռնի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), սպասելով, որ անհրաժեշտության դեպքում այդ քայլը կանի Ռուսաստանը։ Նման սցենար չի բացառում Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, գրում է «Коммерсантъ» պարբերականը։

Նրա կարծիքով՝ Երևանը շահագրգռված է կազմակերպությունում իր մասնակցությունը դադարեցնելու հարցում, սակայն չի ցանկանում ստանձնել առաջին քայլի պատասխանատվությունը՝ հնարավոր քաղաքական հետևանքների պատճառով։

Հոդվածի հեղինակ Եգոր Պարֆյոնովի կարծիքով՝ այդ դիրքորոշումը անուղղակիորեն արտացոլում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։

Որպես օրինակ նա բերեց Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի ինքը դեմ չէ, եթե հանրապետությունը ՀԱՊԿ-ից հեռացվի Ռուսաստանի նախաձեռնությամբ. «Եթե ուզում են բացառել, թող բացառեն»։ Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ Երևանին չպետք է սպառնալ կազմակերպությունից հնարավոր բացառմամբ։

Հայաստանը կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին 2024 թվականի փետրվարին։ Հայաստանի իշխանությունները դա բացատրում էին նրանով, որ Ռուսաստանը և կազմակերպությունը չեն կատարել իրենց պարտավորությունները հանրապետության հանդեպ՝ Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին։

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Երևանին մեղադրել է ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մեջ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները միաժամանակ ձգտում են ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Միքայելյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից ինքնուրույն դուրս գալը կարող է Երևանի համար քաղաքական կորուստներ առաջացնել։ Իսկ եթե բացառման նախաձեռնողը լինի Մոսկվան, Հայաստանը կկարողանա խուսափել այդ հետևանքների մի մասից։

«Ակնհայտ է, որ Երևանի ներկայիս իշխանությունը լիովին պատրաստ է դա անել և ցանկանում է դա, բայց չի ուզում լինել նախաձեռնողը»,- ասել է փորձագետը։

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վերջին տարիներին բարդացել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի պատճառով։ Երևանը բազմիցս հայտարարել է Եվրոպական Միության հետ ավելի սերտ փոխգործակցության ձգտման մասին և չի բացառել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։ Մոսկվայում, միևնույն ժամանակ, մատնանշում էին, որ նման քաղաքականությունն անհամատեղելի է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության հետ, և Հայաստանի իշխանություններին կոչ էին անում հստակեցնել իրենց արտաքին քաղաքական վեկտորը։

Քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Տևդոյ-Բուրմուլին կարծում է, որ Ռուսաստանը, չնայած հարաբերություններում առկա ճգնաժամին, շահագրգռված է Հայաստանի հետ ռազմաքաղաքական կապերի պահպանմամբ և դժվար թե ձգտի առաջինը խզել դրանք։ Նրա կարծիքով՝ Երևանը ևս առայժմ վերջնական ընտրություն չի կատարել, ուստի ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել որպես անցումային։

Հարաբերություններում լրացուցիչ լարվածություն առաջացավ նաև 2026 թվականի ամռանը, երբ Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման , դրանց թվում՝ ծաղիկների, մրգերի, կաթնամթերքի և հանքային ջրի վրա։ Սեպտեմբերի 15-25-ը հանրապետություն ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել էին։ Գազատարի օպերատորը դա բացատրել է պլանային վերանորոգման աշխատանքներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր