00:00:00

Հայտնի է՝ Հայկ Սարգսյանի բերած քրեական հեղինակության անունը․ բացառիկ մանրամասներ

16:09, 16 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին, հայտարարել էր, որ վերջինս կապ ունի քրեական հեղինակության հետ և նրանցից մեկին ներկայացրել էր, որպես հոր «ընկեր»։

«Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում, երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինա Ղազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:

Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, ովքեր կարող են փաստել»,- նշել էր Սիմոնյանը:

Ինչ է կատարվել իրականում, ով է քրեական այդ հեղինակությունը, Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես, Ալեն Սիմոնյանի հիշատակած քրեական հեղինակությունը Նորայր Թևանյանն է եղել, որն առավել հայտնի է «Ախալքալաքցի Նորո» անվամբ։ Նա ռուսաստանաբնակ հայ գործարար, Մոսկվայի հայ համայնքի և «Վիրահայերի միասնություն» կազմակերպության խորհրդի նախագահն է։

Հայկ Սարգսյանը նրան ԱԺ այդ ժամանակվա ղեկավարին ներկայացրել է որպես հոր ընկեր։ Դա եղել է 4 տարի առաջ, երբ հայ պատվիրակությունը Սիմոնյանի գլխավորությամբ մեկնել էր Մոսկվա։

Հյուրանոցի նախասրահում  են հավաքված եղել, երբ Հայկ Սարգսյանը ցանկացել է, որ հոր «ընկերը» գա և ծանոթանա Սիմոնյանի ու ներկաների հետ։

Մոսկվայում տեղի ունեցածը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանը, միայն, թե ասաց, որ չգիտի, թե ով է եղել այդ մարդը։ «Մենք նստած էինք ֆոյեյում, շատ անհարգալից է վերաբերվել մեր պատվիրակությանը։ Մենք նստած էինք պատգամավորներով, նստած էր նաև պարոն Սիմոնյանը, սպասում էինք, որ գնայինք սենյակներով, տհաճ իրավիճակ էր»,- ասաց Ղազարյանը։ Նա նշեց, որ նախկինում երբեք այդ մարդուն չի տեսել, ուղղակի զարմացած է եղել դրսևորած  պահվածքից։ «Ես չէի իմանում ինքը ովա, ես իրան մի երկու լավ բան ասել եմ, որ պետք է հարգել մեր ինստիտուտները։ Եկել մեր հետ նստել էր, ես էլ զարմացած նայում էի, թե ով է, ինչի է եկել նստել, մենք չէինք ճանաչում, ինքն էլ՝ մեզ, ու իրեն թվում էր, թե մենք պետք է իմանայինք ով է ինքը»,- պատմեց Մարինա Ղազարյանը։  Դրանից հետո նրա խոսքով՝ և Ալեն Սիմոնյանը և պատվիրակության մյուս անդամները թողել հեռացել են, իսկ ինքը Հայկ Սարգսյանին որեւէ հարց չի տվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք նաև գրել էիք, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի և Հայկ Սարգսյանին կհեռացնեն կուսակցության շարքերից։

 Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր