Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
««Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդանշաններ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկի վերաբերյալ»,- հայտարարել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում պնդում էր, թե հայկական երկաթու կոնցեսիոն կառավարումը պետք է փոխանցվի երրորդ երկրի, այժմ առաջարկել է ռուսական կողմի հետ ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք ամսում երկաթուղու մրցունակության ապահովման լուծումներ ներկայացնելու համար։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են, իսկ խնդիրները՝ լուծելի։
Այս հայտարարությունները հիմք են տվել ենթադրելու, թե Փաշինյանը փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Սակայն արդյո՞ք սա ռազմավարական վերանայում է, թե՞ մարտավարական մանևր։
Ես բազմիցս պնդել եմ, որ Փաշինյանի քաղաքականության ռազմավարական նպատակը ոչ այնքան Ադրբեջանի հետ խաղաղությունն է, որքան Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ուղեծրից դուրս բերելը։ Այդ ճանապարհին արված զիջումները, իմ համոզմամբ, նպաստեցին նաև Արցախի կործանմանը՝ Հայաստանի համար ստեղծելով անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական լուրջ ռիսկեր։
Սակայն այդ քաղաքականության վտանգավոր լինելը դեռ չի նշանակում, թե Փաշինյանը պատրաստ է հրաժարվել իր նպատակներից։
Ուստի հիմնական հարցը հետևյալն է՝ Փաշինյանը վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը, թե՞ պարզապես փորձում է կառավարել դրա հետևանքով առաջացած ռիսկերը։
Իմ գնահատմամբ՝ երկրորդ տարբերակն ավելի հավանական է։
Նոր ատոմակայանի հարցում վերջնական որոշում չկա. «Ռոսատոմի» առաջարկի վերաբերյալ դրական ազդանշանները դեռ չեն նշանակում, որ Երևանը ընտրություն է կատարել հօգուտ ռուսական նախագծի։ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ որոշումը կայացվելու է բացառապես տնտեսական չափանիշներով, իսկ նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի և գործընկերոջ ընտրության վերջնաժամկետը մնում է 2027թ. վերջը։
Նույնը վերաբերում է երկաթուղուն. աշխատանքային խմբի ստեղծումը չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվել է կոնցեսիոն պայմանագրի վերանայումից։ Հարցը պարզապես հետաձգվում է՝ Մոսկվայի հետ հերթական առճակատումից խուսափելու համար։
Միաժամանակ իշխանությունը չի հրաժարվում եվրոպական ինտեգրման օրակարգից։ Թեև գիտակցում կա, որ ԵՄ անդամակցություն տեսանելի հեռանկարում իրատեսական չէ, իշխանությունը չի պատրաստվում վերանայել անգամ Ազգային ժողովի ընդունած համապատասխան օրենքը։
Այսպիսով՝ ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, փոխվում է միայն դրանց իրագործման մարտավարությունը։
Հատկանշական է Մոսկվայի արձագանքը։ Ռուսական կողմն, ըստ ամենայնի, Փաշինյանի վերջին քայլերը բավարար չի համարում՝ Երևանի քաղաքականության սկզբունքային վերանայում համարելու համար։ Թերևս, սա է պատճառը, որ առայժմ հստակ չէ անգամ Փաշինյան–Պուտին հանդիպման ժամկետը։
Իրականում Փաշինյանը հայտնվել է սեփական քաղաքականության հակասությունների թակարդում։
Մի կողմից, նա ձգտում է Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից, մյուս կողմից՝ ստիպված է հաշվի նստել տնտեսության և էներգետիկ անվտանգության՝ Ռուսաստանից կախվածության հետ։ Մոսկվայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է առաջացնել ոչ միայն տնտեսական ու սոցիալական ճգնաժամ, այլև սպառնալ իշխանության կայունությանը։
Իմ համոզմամբ՝ Փաշինյանը ոչ թե հրաժարվել է իր ռազմավարությունից, այլ փորձում է ժամանակ շահել՝ գիտակցելով դրա հնարավոր կործանարար հետևանքները Հայաստանի և սեփական իշխանության համար։
Ժամանակը ցույց կտա, թե այս մարտավարությունը կմեղմի՞ ԵԱՏՄ գործընկերների առարկությունները կամ կստիպի՞ Մոսկվային հրաժարվել սանկցիաներից։
Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը բավարարվի բացառապես հայտարարություններով, եթե համոզված է, որ Երևանը շարունակելու է երկրի ստրատեգիական վերակողմնորոշման քաղաքականությունը՝ պարզապես փոխելով դրա տեմպերը»,-նշել է նա։