00:00:00

Իշխանական պատգամավորների վերաբերմունքը Կաթողիկոսին անարգանք է քրիստոնյաների նկատմամբ․ Մելոյան

14:57, 12 օգոստոս 2026 Քաղաքականություն

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է․

 

«Ամոթ ու զավեշտ

 

Ընդդիմությունն իրավունք ունի անհամաձայնության ակցիա անել, երբ թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ուշադիր՝ իշխանական պատգամավորները վերջինիս Ավազանի անունով են դիմում։

 

Սա ոչ միայն անարգանք է ՀՀ Սահմանադրության եւ իրավական համակարգի նկատմամբ, այլեւ՝ քաղաքական ոչ հասուն վարքագիծ կամ չարմիտ արշավ եւ անարգանք համասփյուռ հայության եւ քրիստոնյաների նկատմամբ։

 

Նախ՝ ինչքան էլ, որ ՔՊ-ի կարծիքով ներեկեղեցական կանոն է խախտվել, ՔՊ-ն իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին, ու սա սահմանադրական պահանջ է, իրենք էլ, ցավոք սրտի, շարքային քաղաքացի չեն, պաշտոնյա են ու պարտավոր են առաջնորդվել այս պահանջով, ու ցանկացած միջամտություն ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլեւ հակաիրավական է։

 

Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ոչ միայն Ավազանի, այլեւ ՀՀ անձնագրով արձանագրված անունն է, այսինքն՝ խախտվում եւ խեղաթյուրվում է նաեւ հստակ արձնագրված իրավական փաստ, ու սա ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլեւ՝ ՀՀ անձնագրի, ու հակաիրավական է։

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական որոշումը՝ կարգալույծ հռչակելը եւ/կամ թեմի առաջնորդի պաշտոնից ազատելը ներեկեղեցական հարցեր են, ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերություններ եւ սա ամրագրվում է նաեւ միջազգային իրավունքով։

 

Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

 

Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ:

 

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը։

 

«Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» ՄԻԵԴ-ի որոշման մեջ դատարանն ընդգծել է, որ կրոնական համայնքներն ունեն ինքնավար գոյություն, և որ պետության դերը պետք է մնա չեզոք։ Պետությունը չի կարող որոշել, թե որ կրոնական առաջնորդությունն է լեգիտիմ միայն այն պատճառով, որ նախընտրում է մեկ այլին։

 

«Բուլղարական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը (Մետրոպոլիտ Ինոկենտի) և ուրիշներն ընդդեմ Բուլղարիայի» գործով ՄԻԵԴ-ը 9-րդ հոդվածի խախտում է արձանագրել՝ նշելով, որ կրոնական համայնքներում կոնֆլիկտները պետք է թողնվեն կրոնական համայնքին։

 

«Միրոլյուբովսը և ուրիշները ընդդեմ Լատվիայի» գործով ՄԻԵԴ-ը գտել է 9-րդ հոդվածի խախտում՝ գործը նկարագրելով որպես «Պետության միջամտություն կրոնական համայնքի անդամների միջև հակամարտությանը»։

 

Դատարանը շեշտել է, որ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն և չի կարող որոշել կրոնական օրինականությունը կամ որոշել, թե որ կրոնական խմբակցությունն է դոկտրինալ առումով ճիշտ։

 

«Սերբական Արևելյան Ուղղափառ Թեմն ընդդեմ Միլիվոևիչի» գործով ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ քաղաքացիական դատարանները չեն կարող քննել եկեղեցական վեճը։

 

Դատարանի եկեղեցական ինքնավարության դոկտրինը պաշտպանում է կրոնական կազմակերպությունները կառավարության միջամտությունից եկեղեցու կառավարման, հավատքի և վարդապետության հարցերում։

 

Ու այս մոտեցումը կարմիր թելով անցնում է ԱՄՆ Գերագույն դատարանի մի շարք որոշումների, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի եւ աշխարհի մի շարք նմանօրինակ գործերով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր