Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

