ԶԼՄ-ները բացահայտել են Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օմանցի օդաչուի ինքնությունը:
CNN-ը գրում է, որ տղամարդը Օմանի քաղաքացի Համարդ ալ-Համամին է, որը բնակվում էր ԱՄԷ-ում։ Նրա հայրը օմանցի է եղել, իսկ մայրը՝ սիրիացի։ Օդաչուի ինքնությունը հաստատել է իսրայելցի պաշտոնյան։
Ինտերնետային հարթակներից մեկում նրա պրոֆիլում նշված է, որ նա յոթ տարի աշխատել է Oman Air-ում, իսկ 2025 թվականի փետրվարին հեռացել է ընկերությունից։ Այնուհետև՝ 2025 թվականի հունիսին, աշխատանքի է անցել Royal Air Maroc-ում և ընկերությունից հեռացել 2026 թվականի հունվարին։ Այդ էջում Flydubai-ի մասին որևէ հիշատակում չկա, սակայն իսրայելցի պաշտոնյան պնդում է, որ ալ-Համամին այդ ընկերությունում աշխատել է ընդամենը ութ ամիս։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ նախկինում նա Օմանում հեռացվել էր թռիչքներից՝ նրա արմատական հայացքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Չնայած դրան՝ հետագայում նրան աշխատանքի է ընդունել Flydubai-ն և թույլատրել կատարել ԱՄԷ-ի ու Իսրայելի միջև չվերթներ։ Միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք Օմանը օդաչուի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել է այլ երկրների կամ ավիաընկերությունների։
ԱՄԷ-ի իշխանությունները շարունակում են հետաքննել Դուբայ–Թել Ավիվ չվերթում տեղի ունեցած միջադեպը, որից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
CNN-ի կողմից ալ-Համամիի հեռացված X սոցիալական ցանցի հաշվի վերլուծությունը ցույց է տվել, որ նա խորապես կրոնական հայացքներ ունեցող և կանանց նկատմամբ ատելությամբ ու խտրական վերաբերմունքով աչքի ընկնող անձ է եղել։