Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի նախագծի իրականացման համար, որը կդառնա «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր օղակը։ Փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը, հաղորդում է ТАСС-ը։
Թեհրանում ռուսական «Կասպիան սերվիսեզ» կազմակերպությունն ու իրանական CDTIC ընկերությունը ստորագրել են արձանագրություն՝ ամբողջ ուղեգծի երկայնքով հողամասերի հասանելիություն տրամադրելու մասին՝ նախնական ինժեներական հետազննություններ իրականացնելու նպատակով։ Կողմերը նաև պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են կնքել։
Նիկիտինը նշել է, որ հողամասերն արդեն փոխանցվել են։ Դա հնարավորություն կտա շարունակել ինժեներական աշխատանքները և երկարաձգել դրանց իրականացման ժամկետները։
Այս տարի ռուսաստանցի մասնագետները ստեղծել են հենակետային գեոդեզիական ցանց և իրականացրել օդալուսանկարահանում։ Այժմ կատարվում են հիդրոօդերևութաբանական հետազննություններ և տեղագրական հանույթ։
Ռեշտ–Աստարա երկաթուղային գիծը կմիացնի Ռուսաստանի և Իրանի երկաթուղային ցանցերը։ Հատվածը դիտարկվում է որպես «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային տարրերից մեկը, որը պետք է ապահովի անխափան երկաթուղային հաղորդակցություն՝ բեռները Պարսից ծոց, այնուհետև Հարավային Ասիայի երկրներ հասցնելու համար։