00:00:00

Տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

21:28, 03 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:


Արարողությանը ներկա են գտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Առաջինը երդման տեքստն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

Այնուհետև երդվել են Կառավարության մյուս բոլոր անդամները:

Երդման արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին ու նշել.

«Մեծարգո՛ վարչապետ, Կառավարության հարգելի՛ անդամներ,

Շնորհավորում եմ ձեզ պետական կառավարման այս կարևոր և պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ։

Այսօր տրված երդումը բարձր պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։ Այն հավատարմության խոստում է պետականությանը, Սահմանադրությանը և օրենքներին:

Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Ձեր աշխատանքի ամենակարևոր չափանիշն արդյունքն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումը և պետության ամրապնդումը։

Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Դրանց հաղթահարումը պահանջում է հետևողականություն, տոկունություն և ամենօրյա նվիրում։ Կարևոր է յուրաքանչյուր խնդրի մեջ տեսնել լուծման հնարավորությունը, համարձակորեն փնտրել նոր ճանապարհներ և նոր գաղափարներ։

Աշխարհը և մեր տարածաշրջանն արագ փոխվում են։ Այս իրողությունը Հայաստանից և բոլորիցս պահանջում է նոր մտածողություն, նախաձեռնություն և ապագան կանխատեսելու կարողություն։ Արդիական մոտեցումների, նոր հնարավորությունների և ուղիների որոնումը մեր երկրի առաջընթացի կարևոր պայմաններից է։

Ձեր գործունեության հիմքում թող միշտ լինեն Սահմանադրությունն ու օրենքը, պետական շահի գերակայությունը և մարդու նկատմամբ պատասխանատվությունը։ Պետական պաշտոնը, ի վերջո, ծառայություն է պետությանը և քաղաքացուն։

Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքը, ձեր աշխատանքն ու նվիրումը կծառայեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու ամրապնդմանը։

Մաղթում եմ ձեզ ուժ, հաստատակամություն և հաջողություն այս պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհավորում եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր