Իրանն ու Հայաստանը Նորդուզի սահմանային անցակետում կայացած համատեղ հանդիպման ընթացքում ընդգծել են սահմանային խոչընդոտների վերացման, առևտրային փոխադրամիջոցների երթևեկության դյուրացման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրաշրջանառության և տարանցման ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Pars Today-ը, ILNA-ին հղում անելով, գրում է, որ հանդիպմանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի ճանապարհային տրանսպորտի և ճանապարհների պահպանության կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարին և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության զարգացման հարցերը։
Երկու կողմերի համաձայնեցրած հիմնական ուղղություններից են սահմանային և մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատումը, պաշտոնական սահմանային անցակետերի ծառայությունների բարելավումը, տերմինալների արդյունավետության բարձրացումը և լոգիստիկ ենթակառուցվածքների ամրապնդումը։
Նորդուզի սահմանային անցակետը Իրանի և Հայաստանի միջև կապն ապահովող կարևոր անցակետերից է և երկու երկրների միջև տարածաշրջանային առևտրաշրջանառության ու տարանցման հիմնական ուղիներից մեկը։