ՀՀ քաղաքացի Հասմիկ Ադամյանը բարձրաձայնում է իր նկատմամբ իրականացվող անարդարությունների մասին։ Irakanum.am-ը «Քաղաքացու ձայնը» խորագրի ներքո ներկայացնում է Հասմիկ Ադամյանի հոդվածն ամբողջությամբ։ «Իմ համոզմամբ՝ Շիրակի մարզային քննչական վարչության գործունեության կազմակերպման և վերահսկողության վերաբերյալ առաջացել են շատ ավելի լուրջ հարցեր, քան մեկ քննիչի գործողությունների կամ անգործության խնդիրը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչությունը, ի դեմս իր ղեկավարության, վերածվել է մի կառույցի, որտեղ որոշ քրեական վարույթների ճակատագիրը կարող է կախված լինել ոչ թե օրենքից և փաստական հանգամանքներից, այլ քննության ընթացքում ձևավորված կամայական որոշումներից։ Կստացվի՞ գործը կարճել՝ կկարճեն, կցանկանա՞ն շարունակել՝ տարիներով կպահեն վարույթը, անհրաժեշտ կհամարե՞ն անձին վախեցնել դատարան ուղարկելու հեռանկարով՝ կկիրառեն նաև այդ գործիքը։ Իմ գործի հանգամանքներն ավելի են խորացնում այս մտահոգությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում որդեգրվել է մի գործելաոճ, որի տրամաբանությունը հետևյալն է. տարիներով չիրականացնել անհրաժեշտ քննչական գործողությունները, չպարզել գործի էական հանգամանքները, չվերացնել ցուցմունքներում առկա հակասությունները, առանց անհրաժեշտ և համապատասխան փորձաքննություններ նշանակելու ու իրականացնելու՝ չստուգել ապացույցների արժանահավատությունը, չապահովել քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, իսկ հետո՝ առանց հանցակազմի բոլոր հատկանիշների առկայությունը պատշաճ հիմնավորելու, անձին մեղսագրել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը և, ըստ էության, հայտարարել. «Մենք ձեզ մեղադրանք առաջադրեցինք, իսկ դուք գնացեք դատարան և այնտեղ տեսեք՝ ինչ եք անում։ Չկատարված քննչական գործողությունների լրացման պահանջը ներկայացրեք դատարանին»։ Այս մոտեցման մասին, իմ տեղեկություններով, քննիչը հայտնել է նաև իմ կողմից քննչական մարմին ուղարկված փաստաբանին, որը տվյալ վարույթի վերաբերյալ նախնական պատկերացում կազմելու նպատակով հանդիպել էր քննիչի հետ։ Եթե քննիչի կողմից արտահայտված այս մոտեցումն իսկապես արտացոլում է նրա պատկերացումը նախաքննության իրականացման վերաբերյալ, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք նա գիտակցում է, որ ապացույցներ հավաքելը, դրանց արժանահավատությունն ու հակասությունները ստուգելը, անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելը և գործի բոլոր հանգամանքները պարզելը հենց նախաքննական մարմնի պարտականությունն է, ոչ թե դատարանի։ Առանձին մտահոգություն են առաջացնում նաև ցուցմունքների ձևավորման և արժանահավատության հանգամանքները։ Իմ վարույթում առկա են ցուցմունքների միջև հակասություններ և հերքումներ, որոնք պատշաճ քննության չեն ենթարկվել։ Առաջանում են նաև հարցեր՝ արդյոք որոշ ցուցմունքներ չեն ձևավորվել քննիչի անձնական շահագրգռվածության, ուղղորդման կամ նախապես ձևավորված մեղադրական վարկածի ազդեցությամբ։ Իմ տեղեկություններով՝ որոշ ցուցմունք տվող անձինք տարբեր քրեական վարույթներում պարբերաբար հանդես են գալիս որպես վկաներ՝ ներկայացնելով քննությանը նպաստող, երբեմն միմյանց նման կամ նախապես ձևավորված բովանդակությամբ ցուցմունքներ։ Այս հանգամանքը պահանջում է ստուգել այդ անձանց ցուցմունքների ձևավորման պայմանները, հնարավոր շահագրգռվածությունը, դրանց միջև առկա նմանությունների պատճառները և արժանահավատությունը։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում քրեական վարույթների արհեստական մասնատման, տարբեր քննիչների միջև բաշխման և տարիներով չավարտված վարույթների գոյության հարցը։ Ավելին, իմ նկատմամբ քրեական հետապնդման հիմքերից մեկը դարձած նույն ձայնագրությունը մեկ այլ՝ քննիչ Սեդա Մխիթարյանի վարույթում գտնվող թիվ 18123824 քրեական վարույթում նույնպես առկա է եղել և ուսումնասիրվել։ Ավելին՝ հենց այդ ձայնագրության և գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, որը, իմ տեղեկություններով, մինչ օրս օրենքով սահմանված կարգով չի վերացվել։ Ստացվում է՝ նույն ձայնագրությունը մի դեպքում հիմք է հանդիսացել քրեական վարույթը կարճելու, իսկ մեկ այլ դեպքում՝ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ինչպե՞ս է հնարավոր, որ միևնույն ապացույցը տարբեր վարույթներում ստանա իրար տրամագծորեն հակառակ գնահատականներ, և ինչո՞ւ է այս ակնհայտ հակասությունը մնացել առանց պատշաճ իրավական պարզաբանման։ Արդյո՞ք քրեական վարույթը կարող է տրոհվել այնքան մասերի և բաշխվել տարբեր քննիչների միջև, մինչև գտնվի այնպիսի քննիչ, որը նույն ապացույցի հիման վրա կկայացնի նախապես ակնկալվող արդյունքին համապատասխան որոշում։ Եթե նման բան տեղի է ունեցել, ապա սա արդեն ոչ թե քննության կազմակերպման սովորական խնդիր է, այլ քրեական դատավարության ինստիտուտների հնարավոր չարաշահման և անձի նկատմամբ քրեական հետապնդման կամայական իրականացման լրջագույն մտահոգություն։ Ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջացել, որ որոշ դեպքերում վարույթների մասնատումն ու դրանց քննության անհարկի ձգձգումը կարող են ծառայել ոչ թե իրական բացահայտման և արդարադատության նպատակին, այլ արհեստականորեն ձևավորել քննիչների զբաղվածության և կատարված աշխատանքի ծավալի տպավորություն։ Իսկ երբ մոտենում է հաշվետու ժամանակահատվածի ավարտը, տարիներով դարակներում մնացած վարույթները կարող են հանկարծակի ակտիվանալ՝ դրանցով անցնող անձանց նկատմամբ առաջադրելով մեղադրանքներ, որոնց իրավաչափությունն ու փաստական հիմնավորվածությունը լուրջ կասկածներ են հարուցում։ Իմ գործի ժամանակագրությունը, թերևս, այս մտահոգությունների ամենախոսուն օրինակներից է։ Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 28-ին։ Այսինքն՝ դեպքից անցել է շուրջ երկու տարի, սակայն քննիչ Արմեն Գյոզալյանի վարույթում իմ մասնակցությամբ իրականացվել է ընդամենը մեկ հարցաքննություն։ Եվ, ըստ էության, քննիչը դա բավարար է համարել՝ համարելու, որ կատարել է իր պարտականությունները և ապահովել օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք շուրջ երկու տարվա ընթացքում ընդամենը մեկ հարցաքննությունը կարող էր բավարար լինել դեպքի բոլոր էական հանգամանքները պարզելու, առկա հակասությունները վերացնելու, ներկայացված փաստարկներն ու ապացույցները ստուգելու և ինչպես մեղադրող, այնպես էլ արդարացնող հանգամանքները բացահայտելու համար։ Ավելին՝ 2025 թվականի դեկտեմբերին քննիչն ինձ բանավոր հայտնել էր, որ գործի քննությունն ընթանում է դեպի կարճում։ Այդ հայտարարությունը հաշվի առնելով՝ ես հիմք եմ ունեցել ենթադրելու, որ քննիչը չի տեսնում իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր կամ առնվազն չի բացառում քրեական վարույթի կարճման հնարավորությունը։ Սակայն դրանից հետո, առանց ինձ որևէ նոր ապացույցի, նոր ի հայտ եկած հանգամանքի կամ կատարված լրացուցիչ քննչական գործողության մասին տեղեկացնելու, քննության ընթացքը կտրուկ փոխվել է։ Մասնավորապես, 2026 թվականի հոկտեմբերի 31-ին՝ երեկոյան ժամը մոտ 19:30-ին, քննիչ Արմեն Գյոզալյանն ինձ զանգահարել է և պահանջել ներկայանալ Շիրակի մարզային քննչական վարչություն ընդամենը կես ժամվա ընթացքում՝ մինչև ժամը 20:00-ն՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ինձ հանձնել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը։ Ստացվում է բավականին տարօրինակ պատկեր. շուրջ երկու տարվա ընթացքում՝ ընդամենը մեկ հարցաքննություն, 2025 թվականի դեկտեմբերին՝ գործի հնարավոր կարճման մասին բանավոր հայտարարություն, իսկ ամիսներ անց՝ առանց ինձ հայտնի նոր քննչական գործողությունների կամ նոր հանգամանքների մասին որևէ տեղեկության, հանկարծակի որոշում՝ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, ընդ որում՝ երեկոյան ժամին և ընդամենը 30 րոպեում ներկայանալու պահանջով։ Ի՞նչ է փոխվել այդ ամիսների ընթացքում։ Ի՞նչ նոր ապացույցներ են ձեռք բերվել։ Ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել։ Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կարող էին հիմնավորել քննիչի դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը։ Եթե նման նոր տվյալներ կամ գործողություններ չեն եղել, ապա ի՞նչ հիմքով է քննիչը 2025 թվականի դեկտեմբերին խոսել գործի հնարավոր կարճման մասին, իսկ ամիսներ անց անցել իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Այսպիսի շտապողականությունը, դրան նախորդած երկարատև անգործությունը և քննիչի՝ ընդամենը ամիսներ առաջ արտահայտած դիրքորոշումից կտրուկ շեղումը լուրջ հարցեր են առաջացնում ոչ միայն քննության իրական ընթացքի, այլև իմ նկատմամբ ընդունված որոշման փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ։ Արդյո՞ք սա է համարվում պատշաճ նախաքննություն։ Արդյո՞ք քրեական վարույթի քննությունն ավարտված կարելի է համարել միայն այն պատճառով, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս ամենի արդյունքում առաջանում է վտանգավոր մի պատկեր՝ տարիներով անորոշության մեջ պահված մարդուն հանկարծ կանգնեցնում են քրեական հետապնդման, մեղադրական եզրակացության և դատարանի առջև հայտնվելու փաստի առաջ, մինչդեռ նախաքննության ընթացքում չկատարված գործողությունների և չպարզված հանգամանքների հարցը մնում է չլուծված։ Արդյո՞ք քրեական վարույթների քանակը, դատարան ուղարկված գործերի թիվը և հաշվետվություններում արձանագրված ցուցանիշներն ավելի կարևոր են դարձել, քան յուրաքանչյուր մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և իրական արդարադատությունը։ Եթե նման գործելակերպի վերաբերյալ կասկածները հիմնավորվեն, ապա սա այլևս մեկ քաղաքացու և մեկ քննիչի միջև վեճ չէ։ Սա համակարգային խնդիր է, որը պահանջում է Քննչական կոմիտեի կենտրոնական ղեկավարության անհապաղ ուշադրությունը և անկախ ուսումնասիրությունը։ Քննչական վարչությունը չի կարող լինել որևէ մեկի անձնական հայեցողությամբ գործող կառույց։ Այն չի կարող գործել «կուզենք՝ կկարճենք, կուզենք՝ կմեղադրենք» սկզբունքով։ Քրեական հետապնդումը հաշվետվության մեջ գեղեցիկ թվեր ապահովելու միջոց չէ։ Մարդու ճակատագիրը ծառայողական ցուցանիշ չէ։ Իսկ դատարան ուղարկված յուրաքանչյուր գործ պետք է հիմնված լինի իրական, ստուգված և բավարար ապացույցների վրա։ Պահանջում եմ պարզել՝ արդյոք Շիրակի մարզային քննչական վարչությունում առկա են վարույթների արհեստական մասնատման, անհարկի ձգձգման, հաշվետու ժամանակահատվածների ավարտին քրեական հետապնդումների ակտիվացման, չկատարված քննչական գործողությունների պատասխանատվությունը դատարանի վրա տեղափոխելու և մեղադրական վարկածների արհեստական առաջմղման դեպքեր։ Այս հարցերը պետք է ստուգվեն ոչ թե նույն վարչության ներսում ձևական ուսումնասիրությամբ, այլ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կողմից՝ անկախ, համակողմանի և փաստաթղթային ուսումնասիրությամբ՝ գնահատելով նաև վարչության ղեկավարության կողմից աշխատանքի կազմակերպման և վերահսկողության արդյունավետությունը։ Քննիչի գործը մարդուն մեղադրյալ դարձնելը չէ՝ չկատարված քննության փոխարեն։ Քննիչի գործը ճշմարտությունը պարզելն է։ Իսկ եթե դա չի արվում, ապա ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխան տա մարդու տարիներով խաթարված կյանքի, հեղինակության և իրավունքների համար»։