Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված մի խումբ քաղաքացիների, որոնցից մի մասը նշում էին մեկ հոգու, մի մասը՝ երկու հոգու, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վթարված «Mercedes»-ներից մեկի վարորդը, ասում էր, որ վթարի մեղավորը եղել է մոխրագույն «Mercedes»-ը, որի վարորդը հնդիկ է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա «Nissan X-Trail»-ին։