Ինչ է կատարվել դիրքերում և ինչու է զինվորը տեղակայման վայր հասնելիս կորել ճանապարհին։ Irakanum.am–ին որոշ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։
Այսպես, զինվորի հարազատները հրամանատարությունից պահանջել են, որպեսզի իրենց որդին զորացրվի նույն այն օրը, երբ զորակոչվել է բանակ, և պնդել են այն կազմակերպել, սակայն հրամանատարությունից ստացել են պատասխան, որ եղանակային պայմանները լավը չեն և արդեն քանի օր է բքի և մառախուղի պատճառով ոչ միայն իրենց, այլև շատ այլ զինվորների տեղաշարժ չեն կարող կատարել, առավել ևս իջեցնել դիրքից։ Բայց Բենիամին Մանուչարյանի հարազատները հայտնել են, որ արդեն իսկ ունեն պայմանավորվածություն ռեստորանի հետ, հրավիրել են նաև հյուրեր, և շարունակում են պահանջել, որ զորացրումն իրականացվի հենց այն օրը, երբ իրենց տղան գնացել է բանակ։
Հրամանատարությունը փորձ է կատարել իջեցնել զինվորին դիրքերից: Սպաներից մի քանիսը հատուկ ամենագնաց տեխնիկայով գնացել են զինվորին դիրքից իջեցնելու, բայց եղանակով պայմանավորված չեն կարողացել հասնել ընդհուպ դիրքին, այդ իսկ պատճառով դիրքի և տեխնիկայի միջև ընկած տարածքը զինվորը եկել է ոտքով, ինչը բարձր լեռնային ու դժվարանցանելի հատվածներում եզակի դեպք չէ: Ցավոք, տեղի է ունեցել ողբերգական դեպքն ու Բենիամին Մանուչարյանն այդպես էլ զորամաս չի հասել, այնտեղից էլ՝ տուն։
Irakanum.am–ը ցավակցում է մահացած զինվորի հարազատներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։ Այսօր կեսօրին Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել էր զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
Մենք տեղեկացրել էինք, որ մահացած զինվորը Արարատի մարզի Այնթապ համայնքից էր։ Գրել էինք նաև, որ Բենիամին Մանուչարյանին զորացրվելուն մնացել էր մի քանի օր։
Irakanum.am