00:00:00

«Մա՛մ, իմացիր, էս քայլին քեզ համար եմ գնում»․ 20-ամյա Կարապետն ու Գարիկն օրեր առաջ պետք է զորացրվեին

17:10, 20 հուլիս 2022 Քաղաքականություն

Եռաբլուր զինվորական պանթեոնը օրվա բոլոր ժամերին մարդաշատ է։ Մեկը զոհված որդու, երկրորդը՝ թոռան, մյուսն էլ ամուսնու շիրիմին է այցելում։ Ծածանվող եռագույն, ծխացող խունկ, համընդհանուր լռությունն էլ պարբերաբար խախտվում է մայրական լացով ու ծանր տեխնիկայի աշխատանքով։

Կողք- կողքի ննջում են արցախյան բոլոր պատերազմների հերոսները։ Հրամանատարից մինչև սպա ու շարքային զինծառայողներ, տղաներ, որոնք հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ կյանքը։ Տիկին Անահիտը ամեն օր Եռաբլուրում է, այստեղ հուղարկավորված է միակ որդին՝ Կարապետ Բուռնազյանը։ Խնամքով դասավորում է ծաղիկներն ու մաքրում շրջակայքը, որդին ամենուր կարգուկանոն է սիրել։ Համեստ ու ժպտերես, այնպես, ինչպես մեծադիր այս լուսանկարում է, կրթված ու դաստիարակված Կարապետը ընտանիքի միակ որդին էր։

Դպրոցում գերազանց է սովորել, բնագիտական առարակների ուղղությամբ խորացել, կրթությանը զուգահեռ նաև աշխատել։ Մայրը հետո է իմացել, որդին անօդաչու թռչող սարքեր է փորձել պատրաստել։ Երազանքներ շատ ուներ, դրանք բոլորը կապված են եղել ընտանիքի ու հայրենիքի հետ։ 2020 -ի հուլիսին է զորակոչվել բանակ։ Մոտ երեք ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Այդ ընթացքում էլ մոր հետ հեռախոսով միշտ խոսել է, ասել է ապահով տեղում են, ամեն ինչ լավ է։ Սակայն հոկտեմբերի 14-ին Կարապետը ծառայակից ընկերների հետ շրջափակման մեջ է ընկնում։ Դին գտել են ամիսներ անց։ Մայրը հիշում է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը։ Կարապետ Բուռնազյանը քսան օր առաջ պետք է զորացրվեր, մայրն արցունքներն աչքերին անդադար կրկնում էր, Կարոն արդեն պետք է տանը լիներ, բայց պատերազմը մեկընդմիշտ բաժանեց տիկին Անահիտին իր միակից, իր ժպետերս ու բարի Կարոյից։

Այս տարվա հուլիսի 2-ին տուն պետք է վերադառնար նաև 20 -ամյա Գարիկ Ստեփանյանը՝ ծնողների միակ որդին։ Հայրն էլ գրեթե ամեն օր Եռաբլուր զինվորական պանթեոնում է, տղան մենակություն չի սիրել, այցելում են զրուցում, բայց հայրական հոգին չի փարատվում, անչափ կարոտել է միակ տղային։

Գարիկ Ստեփանյանը ընդամենը երեք ամսվա ծառայող էր՝ Արմավիրի մարզում էր ծառայության անցել, բայց 44 օրյա պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Արցախ՝ մարտական դիրքեր բարձրացնում։ Հայրն առ այսօր չունի պատասխան՝ ինչու և ով է հրաման տվել նորակոչիկին բարձրացնել դիրքեր, ամենավտանգավոր տեղերում կռվելու համար։ Գարիկ Ստեփանյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից, հայրն ասում է տղային մշտապես փնտրել են ողջերի ու վիրավորների շրջանում մեկ առ մեկ եղել բոլոր հիվանդանոցներում, հետո հրամանատարը հայտնել է, գտել են դին, որը սակայն ծնողներին հանձնել են փակ վիճակում։ Ու չնայած որդու շիրիմի մոտ է կանգնած՝ հոգու խորքում դեռ չի ցանկանում հավատալ, որ իր Գարիկը զոհվել է, ասում է՝ դին անձամբ չի տեսել, գուցե ողջ է, հատկապես, որ զորացրման օրն է, գուցե գա։ Երևանից, հանրապետության տարբեր մարզերից, քաղաքներից ու Արցախից, տարբեր տարիքի, բայց մեծամասամբ քսանը չբոլորած երիտասարդներ, տղաներ, որոնք բանակ զորակոչվելուց ծնողներին վստահեցրել էին պարտադիր հետ են գալու, տունը սպասող ունեն։ Նրանց բոլորի տունը, ցավոք դարձել է Եռաբլուր զինվորական պանթեոնը,որն ամեն օր մեծանում է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր