Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ չկա, քան հրապարակային հանրային գործունեությունը, լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անձնական որևէ խնդիր չկար, և ակնհայտ է, որ հարձակումը կապ ունի նրա հանրային գործունեության հետ։ Այո, դրա շահառուն իշխանություններն են կամ իշխանության որոշակի թևերն են»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Հակոբյանը սուր քննադատական գրառումներ է կատարել։ «Պետությունը, իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն օպերատիվ կերպով մանրամասն բացահայտելու»,- ասաց նա և ընդգծեց, որ մի քանի ոստիկաններ արդեն այցելել են Հակոբյանին։
«Իրենց գործն են անում, թող բացահայտեն, բոլորս էլ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ Միհրան Հակոբյանի վիճակը դեռևս զննման փուլում է։ «Միայն կարող եմ ասել, որ դեմքի հատվածում որոշակի վնասվածքներ կան, որոնք տեսանելի են»,-ասաց նա։
Ըստ նրա՝ հարձակվողներն առնվազն 3 հոգի են եղել, դիմակներով։
Հարցին, թե ճիշտ է արդյոք նման տեղեկությունը, որ Հակոբյանին մի քանի օր հետևել են, Մելիքյանը նշեց, որ նման տեղեկություն ինքն էլ է ստացել, բայց չի կարող հաստատել։
Նա հիշեցրեց, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքը առաջինը չէ, նաև 2021 թ.-ին է եղել։ «Նրա տան դիմաց կայանված մեքենայի տակ նռնակ էին նետել, մեքենան էր վնասվել, և որևէ մեղավոր կամ կասկածյալ չէր հայտնաբերվել։ Հավատացած եմ, որ եթե այդ դեպքը բացահայտվեր, սա չէր լինի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ գրել էր.
«Քիչ առաջ «Դալմա Մոլ»-ի ավտոկայանատեղում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ»։