00:00:00

Աջապահյանի վիճակը, Գալյանի վստահեցումը, ընկերուհու անտեղյակությունն ու ՄԻՊ-ի գրությունը

17:47, 08 դեկտեմբեր 2025 Տեսանյութեր

ԱԱԾ «պադվալում» պահվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և վիրահատության կարիք: Փաստաբանները համապատասխան գրությամբ են դիմել, բայց արդարադատություն իրականացնող մարմնում այն կիսատ-պռատ են համարել, ասում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Կետն ու ստորակերտը չի համապատասխանել, դիմումին ընթացք չեն տվել, լրագրողներին ասաց Դանիելյանը, մեկ անգամ ևս հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Սրբազանի՝ մեկ օր ավել կալանավայրում մնալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:

Կա օրենսդրություն, փաստաբաններն այդ մասին պիտի, որ հստակ իմանային հակադարձում է Արդարադատության նախարարը: Սրբուհի Գալյանը, ով երբեք ոչ միայն Միքայել Սրբազանին, այլև ճաղերի հետևում գտնվող մյուս հոգևորականներին չի այցելել, վստահեցնում է՝ Շիրակի թեմի առաջնորդի կյանքին վտանգ չի սպառնում: Դեմքի արտահայտությունն էլ միանգամից փոխում է, երբ հակադարձում ենք, եթե անձամբ չի այցելել, որտեղից իրեն այդ վստահեցումը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ ինչպես միշտ գրություն պիտի գրի, որ իմանա: Ոտքի վրա մեկնաբանել ահազանգերը չի կարող: Արքեպիսկոպոս Միքայել Աջապայանի վիճակի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ մարդու իրավունքների պաշտպանը կրկին նշեց, որ խոսքը բժշկական գաղտնիության մասին է և որ նախ անհրաժեշտ է իրավիճակի ավելի մանրամասն պարզաբանում կատարել: Մանասյանն ի տարբերություն Գալյանի  անձամբ պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում՝ բանտարկված հոգևորականների համար նախատեսված հաստատություններ։

Երկրի թիվ մեկ բանտապետն էլ էր Ազգային Ժողովում: Ծովինար Թադևոսյանը, ով Սրբուհի Գալյանի ընկերուհին է, հայտնեց՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է։ Իսկ ինչ պայմաններում են «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ում պահվում Միքայել, Արշակ, Բագրատ Սրբազաններն ու գործարար Սամվել Կարապետյանը, հարցրեցինք տիկին Թադևոսյանին, կարճ պատասխան տվեց՝ նորմալ:

Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր