
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էին կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաները նաեւ հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որեւէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: «Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: «Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով եւ ընդմիշտ»:







