00:00:00

Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել Եվրոպա մեկնելը. Պեսկով

22:06, 09 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել եվրոպական երկրներ այցելելը: Այս մասին «Վեստի»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Չեռնոգորիայում "Рыбарь" նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ չգիտի տեղի ունեցածի հանգամանքները և հավելել է. «Կարող ենք միայն ասել, որ ըստ Վիեննայի հյուպատոսական կոնվենցիայի՝ երկիրը պարտավոր է իրազեկել մեր հյուպատոսական հաստատությանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին, և, անշուշտ, մեր դիվանագետներն ամեն դեպքում ապահովելու են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտար ռուսաստանցիներին, հատկապես՝ հրապարակային գործունեությամբ զբաղվող և Եվրոպա այցելող, ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է. «Դե տեսեք, դա վտանգավոր է: Դա վտանգավոր է: Նրանք, ովքեր պատժամիջոցների տակ են, պետք է իրենց հաշիվ տան, որ, այո, մենք այդ պատժամիջոցներն անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, սակայն բուն եվրոպական երկրներում կամ ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը քրեական հանցագործություն է: Եվ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ այցելելը ներկայումս վտանգավոր է: Դա կարելի է ասել լիակատար վստահությամբ և լիակատար պատասխանատվությամբ»:

Նշենք, որ Չեռնոգորիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է մի քանի անձանց, որոնք ներգրավված են եղել ռուսական "Рыбарь" քարոզչական նախագծի աշխատանքներում, այդ թվում՝ նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկին, որի նկատմամբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել:

Այս նախագիծը մեղադրվում է նաև ապատեղեկատվություն տարածելով Հայաստանում այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր