00:00:00

Չվախենալ դժվարություններից ու փորձություններից, շարունակել հոգևոր ճանապարհը՝ ապավինելով Աստծո զորությանը․ Հայր Շնորհք աբեղա Պալոյան

22:38, 09 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հոկտեմբերի 9-ին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց տոնին նախընթաց, կատարվեց միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն։

Հայոց Թարգմանչաց սրբավայրում համախմբվել էին Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը՝ միասնական աղոթքով նախապատրաստվելու Սրբոց Թարգմանչաց հիշատակության օրվան։

Ժամերգության ընթացքում ներկաները միասնական աղոթքով հայցեցին Սուրբ Թարգմանիչների բարեխոսությունը՝ Հայոց Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր հայրերի զորության, հայրենիքի խաղաղության և ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար։

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր հոգևոր պատգամը հղեց Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը՝ անդրադառնալով հավատքի ճանապարհին հանդիպող փորձություններին և քրիստոնյայի՝ Աստծուն ապավինելու անհրաժեշտությանը։

Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, պատգամեց. «Մենք անցնենք մեր նեղությունների Կարմիր ծովի ճանապարհը՝ ունենալով Թարգմանիչ վարդապետների բարեխոսությունը, հասնենք Սինայական գագաթին և թող Աստված ձեզ այս ճանապարհին պարգևի արիություն»։

Այս պատգամը հավատացյալներին ուղղված կոչ էր՝ չվախենալու կյանքի դժվարություններից ու փորձություններից, այլ հավատքով և աղոթքով շարունակելու հոգևոր ճանապարհը՝ ապավինելով Աստծո զորությանը և Սուրբ Թարգմանիչների բարեխոսությանը։

Սրբոց Թարգմանչաց տոնը մեզ կրկին հիշեցնում է այն մեծ ժառանգության մասին, որ մեզ փոխանցեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթևը և նրանց աշակերտները՝ հայ ժողովրդին պարգևելով Աստծո Խոսքը մայրենի լեզվով ընթերցելու և ապրելու շնորհը։

Թող Սուրբ Թարգմանիչների բարեխոսությամբ Տերը զորացնի Հայոց Սուրբ Եկեղեցին, ամրացնի մեր հավատքը, պահպանի մեր հայրենիքը, խաղաղություն պարգևի մեր ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր