
Փորձեցի «անվանի հայագետ» Գևորգ Էմին-Տերյանին բացատրել, որ վարչապետի խոսքում, որևէ սխալ տառ և քերականական վրիպակ չկա, այնինչ, ոչ մի օգուտ, Գևորգը իր էշն էր քշում: Ի դեպ, նույնիսկ էշ քշելու հարցում պետք է տիրապետել որոշ կանոնների:
Նրան ուղարկեցի տալ անկանոն բայի խոնարհման կանոնը՝
անորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակատար՝ տվել, հարակատար՝ տված, ենթակայական՝ տվող:
Վերստին չհամոզվեց, նորեն նրան եղբայրորեն փորձեցի բացատրել, հետո հիմնավորել, ապա ապացուցել: Այդքանից հետո հակադարձեց ագրեսիվորեն, դեռ ավելին՝ ասաց, որ շատ է ցավում ինձ համար, որ ես լինելով գրող, տեղյակ չեմ հայերենին:
Ակամա հիշեցի Մ. Գորկու խոսքը. Մարդուն ապացուցել գիտելիքների անհրաժեշտությունը՝ միևնույնն է, թե նրան համոզել տեսողության օգտակարության մեջ:
Ի վերջո, մի կենդանի շունչ, մի բանասեր կամ հայոց լեզվի մասնագետ մի՞թե չկար երկրիս պետական համալսարանում, այսպես կոչված, մայր բուհում, որ մի բարի խորհուրդ տար սույն համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին:
Փորձեց այնպիսի հակասական և անտեղյակ հիմնավորումներ տալ, որ ապշած մնացի, զարմացա՝ ինչու է այդ տղան մեր երկու հզորների՝ Տերյանի և Էմինի ազգանունները վերցրել ու կպցրել իր անվանը. (ինչ ճանապարհով և նպատակով, Աստված վկա, չգիտեմ):
Ակամա այս անգամ հիշեցի Սենեկային՝ անգիտությունը դժբախտություններից փրկվելու վատ միջոց է։
… ու այդ միջոցին կարկառուն հայագետ և հայոց լեզվի անկյունաքարերին քաջատեղյակ Գևորգ էմին-Տերյանը Ֆեյսբուքից ջնջեց իր հեղինակավոր ստատուսը ու չթողեց ձեզ ներկայացնելու ոչ մի գրավոր ապացույց:
Հիմա, արդեն ես եմ ցավում, մեծահարգ Գևորգ:
Ուստի երջանիկ եղիր, եղիր բանիմաց ու սովորիր կրկին:
Հետգրություն. Այսպես էլ Նիկոլի սխալը մնաց օդում կախված: Կարևորը, որ Աշոտ Փաշինյանը երդում տալիս` խոստացավ անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Խաղաղ արշալույսներ մեր բոլոր զինվորներին:
Արեգ Գրիգի գրառումը։
