Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլայ Պաչուաշվիլին «Պիրվելի» պարբերականին հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցանկանում է գալ Վրաստան՝ հրաժեշտ տալու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին։
«Չեմ կարող ասել, թե հատկապես ով կգա, քանի որ մենք հրավերներ ենք ուղարկել բոլոր առաջին հոգևոր առաջնորդներին, ինչպես ընդունված է։ Բացի դրանից, մեզ հետ կապ են հաստատում ոչ ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ և պատմական հարաբերություններ ունեին։ Հայաստանում այժմ մեծ անկարգություններ են, և պատրիարքին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլատրվի, նա կգա»,- ասել է վրացի հոգևորականը։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը մահացել է 93 տարեկան հասակում։ Վրաստանը սգո օր է հայտարարել Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Պատրիարքը կթաղվի Սիոնիի տաճարում կիրակի՝ մարտի 22-ին։