Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora», «Hyundai Elantra», «Opel Zafira» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաներին, վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Երիցյանը և Հարություն Գևորգյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունները։