00:00:00

Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, ամերիկյան կողմը՝ 74 տոկոս. «Թրիփփի զարգացման ընկերություն» համաձայնագիրը հավանության արժանացավ

11:19, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվեց ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։

Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։

«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

«ԹՐԻՓՓ»-ի համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ համամասնությամբ։  

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր