00:00:00

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

09:00, 24 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ, եթե Ազգային ժողովը հավանություն չտա Սահմանադրության փոփոխություններին, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քայլերով, ըստ էության, ընդունել են հերթական զիջումը: Նրա ընդգծմամբ՝ Սահմանադրության փոփոխման ողջ գործընթացը թելադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, մինչդեռ Հայաստանը չպետք է սեփական Մայր օրենքը փոխի Բաքվի պարտադրանքով: Խոսելով նոր ընտրությունների հավանականության մասին՝ Աբրահամյանը փաստել է, որ 2021 թվականի համեմատությամբ ընդդիմադիր ուժերի ստացած քվեներն ավելացել են շուրջ 80 տոկոսով, և արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կարող է կորցնել դիրքերը:

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով:

Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը: Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից:

Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ:

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հրապարակային արձագանքից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր