Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Մոսկվայի հետ համաձայնագրի մասին: Այս մասին վկայում են ծովային փոխադրումներին հետևող Kpler ընկերության տվյալները, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Մալթայի դրոշի ներքո նավարկող Agioi Fanendes լցանավն ուրբաթ գտնվում էր Հելսինկիի ափերի մոտ և ais transponder-ի միջոցով որպես նպատակակետ նշում էր «Նյու Յորք»-ը:
Ըստ Kpler-ի՝ այն գրեթե 40 000 տոննա դիզելային վառելիք է բեռնել Պրիմորսկի ռուսական նավթային տերմինալում: Նավը Պրիմորսկից դուրս է եկել հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի արևելյան ափ կժամանի նոյեմբերի 7-ին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից չորս օր անց:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան հոկտեմբերին կմատակարարի 300 հազար տոննա դիզելային վառելիք (2.25 միլիոն բարել), նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, ապա՝ լրացուցիչ 1 միլիոն տոննա։ Reuters-ի տվյալներով՝ այդ խմբաքանակը կդառնա 2022 թվականից ի վեր ռուսական նավթի կամ նավթամթերքի առաջին մատակարարումը ԱՄՆ այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ջո Բայդենը դրանց ներմուծման արգելք էր հայտարարել: Գնորդն ու վաճառողը դեռ հայտնի չեն: