«Որեւէ երկիր մեզ չի կարող տնային առաջադրանքներ տալ». լրագրողաների հետ ճեպազրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Ալիեւը խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է` խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր «տնային առաջադրանքը» չի կատարել։ ՔՊ-ական նախարարն ակնհայտ մանիպուլացնում է, քանի որ Ալիեւը արել է այդ հայտարարությունը, ավելին՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո պաշտոնական Բաքուն Հայաստանը ներկայացնում է որպես Արեւմտյան Ադրբեջան, իսկ TRIPP-Ը՝ «Զանգեզուրի միջանցք»։
Դատելով ադրբեջանական կողմի որդեգրած զավթողական քաղաքականությունից՝ Ալիեւը ցանկանում է տիրանալ ամբողջ Հայաստանին։ Ալիեւի «տնային առաջադրանը» Փաշինյանին դա ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, որը Հայաստանի ղեկավարը «գլուխը կախ» կատարում է։ Ադրբեջանը համառորեն պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ դրույթներ կան:
ՀՀ իշխանությունները մտադիր են առհասարակ հանել Հռչակագրի մասին հիշատակումները ՀՀ Սահմանադրությունից։ Ավելի վաղ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասել էր, որ այսօր շրջանառվող «խաղաղությունը» չի կարող դիտարկվել որպես կայացած իրողություն, քանի դեռ այն ուղեկցվում է նորանոր պահանջներով և չի ապահովում իրական երաշխիքներ Հայաստանի համար։
«Ալիևի «տնային առաջադրանքի» մասին հայտարարությունները ուղիղ կապ ունեն այս գործընթացի հետ։ Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես սահմանադրական բարեփոխում, իրականում կարող է լինել արտաքին պահանջի կատարում»,- շեշտել է սահմանադրագետը։