Երբ որ մենք խոսում ենք Անկախության հռչակագրի մասին, պետք է արձանագրենք մի բան, որ Անկախության հռչակագրի մեջ ֆիքսված է ԼՂ Ինքնավար Մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։
Նա, մասնավորապես, նշեց. «Բայրաքթարի» տակ զոհվել են զինվորներն այս որոշման բերումով։ Այսինքն՝ տվյալ դեպքում էական չէ նույնիսկ, թե ում ղեկավարության օրոք է դա տեղի ունեցել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ չի կարելի մի կողմից մեղադրել «Բայրաքթարների» տակ զոհեր ունենալու մեջ, մյուս կողմից ասել՝ գիտեք ինչ, մենք պետք է Անկախության հռչակագիրը փայփայենք, պահենք և պաշտպանենք, որովհետև այդտեղ կա տրամաբանական կոնֆլիկտ՝ երկուսն իրար հետ անհամատեղելի են։
Երրորդ տարբերակն ավելի վատ է. կամ էլ մենք ասում ենք, որ մենք Հայաստանն այդ ամենի բերումով դարձնում ենք գործիք երրորդ երկրների ձեռքին, որոնք մեզ ասում են՝ մենք ձեզ երաշխիք ենք տալիս, դուք գնացեք։ Ինտերնետում կա, նայեք՝ բարձրաստիճան պաշտոնյան՝ նախկինում կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան, ոնց է պատմում, թե Պոլիտբյուրոյի ներկայացուցիչները ոնց էին գնում Բաքու, ասում՝ դուք ճիշտ եք, գազ տվեք, Երևանում ասում էին՝ դուք ճիշտ եք, գազ տվեք։ Այսինքն՝ մենք պետք է կոնֆլիկտի տրամաբանությունից հրաժարվենք։
Ես ձեզ մի հարց տամ՝ ո՞ւմ է ավելի շատ պետք, որ մենք կոնֆլիկտի տրամաբանությունից հրաժարվենք՝ մե՞զ է պետք, թե՞ Ադրբեջանին ու Թուրքիային։ Եթե այդպես եք ուզում, եկեք այդպես խոսենք՝ ո՞ւմ է դա պետք ավելի շատ։ Իհարկե, մե՛զ է պետք ավելի շատ։ Որովհետև այն պայմաններում, երբ որ մեզ դուխ են տալիս, հետո մեզ թողնում են մենակ, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ դաշնակից երկրների համար կարող է, ընդհակառակը, ձեռնտու լինել, որ մենք կոնֆլիկտի տրամաբանության մեջ մնանք։ Որովհետև, հա, ես շատ բան եմ ասել, բայց ես իքս պահից ասել եմ նաև, որ մեր հիմնական խնդիրն է, որ մենք պատերազմի որևէ, նույնիսկ չակերտավոր, լեգիտիմությունը բացառենք։ Դրա համար եմ ես եկել ասել՝ Քյարքի, դրա համար ենք մենք գնացել Ալմա Աթայի հռչակագիր և այլն, և այլն։
Այսօր մեզ կարելի է շատ բաների մեջ մեղադրել։ Այսօր ի՞նչն է այսօրվա իրավիճակի ամենամեծ առանձնահատկությունը՝ պատերազմի, էսկալացիայի որևէ լեգիտիմություն, որևէ պատճառ, որևէ դրդապատճառ չկա, չկա ուղղակի, գոյություն չունի։ Եվ մեր քաղաքականություններն ուղղված են եղել դրան։ Հիմա մեր քաղաքականություններն ուղղված են հետևյալին, որ այդպես լինի նաև մեզնից հետո։ Եվ մենք տեսնում ենք, որ դրա համար մեզ ի՞նչ է պետք՝ պետք է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Եվ, այո՛, այս համատեքստում ասում եմ՝ Սահմանադրությունը կարևոր է, որ Հայաստանը դիրքավորվի այնպես, որ իր դեմ պատերազմի լեգիտիմությունն արմատախիլ անի։ Որովհետև եթե ձեզ թվում է, թե սա ավելի շատ ուրիշների շահերից է բխում, այդպես մտածողներն ուղղակի պատկերացում չունեն ո՛չ պատմության, ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա մասին։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի շահերից»: