«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը և բազմաթիվ քաղաքացիներ դիմում-պահանջ են ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ իրենց մտահոգությունը հայտնելով Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգի կապակցությամբ։
Հրապարակվել է նախարարության պատասխանը, որում բարձրացված մտահոգություններին սպառիչ պատասխաններ չեն տրվել։
«Այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, դիմումատուներին (դիմումի հղումը՝ մեկնաբանությունում) տրամադրում է ձևական, ընդհանուր բնույթի պատասխան, ըստ որի՝ մասնավոր նախաձեռնությամբ կազմակերպվող համերգների կազմակերպումը, անցկացումը, դրանց հետ կապված կազմակերպչական և պայմանագրային հարաբերությունների կարգավորումը նախարարության իրավասությունների շրջանակում չեն։
Պատասխանն այնքան ընդհանրական է, որ դրանում նույնիսկ դիմումատուի անունը նշված չէ, թեև քաղաքացիները դիմել են անհատապես՝ իրենց անունից և ստորագրությամբ։
Կարծում ենք՝ նման պատասխանը չի կարող բավարարել դիմում ներկայացրած մտահոգ քաղաքացիներին, քանի որ՝
1. Նախարարությունը չի պատասխանել դիմումի հիմնական պահանջին։
Մենք նախարարությունից չենք պահանջել, որ այն իր իրավասությունները գերազանցելով՝ միանձնյա արգելի մասնավոր համերգները։ Պահանջել ենք, որ նախարարությունը, հաշվի առնելով ներկայացված քրիստոնեական, բարոյական և հասարակական հիմնավորումները, հրապարակայնորեն արտահայտի իր սկզբունքային դիրքորոշումը համերգների չեղարկման վերաբերյալ և իր իրավասությունների շրջանակում աջակցի այդ դիրքորոշման իրագործմանը։
Նախարարության պատասխանում այդ պահանջի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտված չէ։
2. Անտեսվել են դիմումում ներկայացված տասը հիմնավորումները։
Դիմումում մանրամասն անդրադարձել ենք քրիստոնեական սրբությունների անարգմանը, թմրամիջոցների քարոզի վերաբերյալ փաստերին, սեռական գռեհկաբանությանը, կնոջ և խոցելի մարդկանց արժանապատվության նսեմացմանը, երիտասարդության բարոյական դաստիարակությանը և այլ խնդիրների։
Նախարարության պատասխանում այս հիմնավորումներից ոչ մեկը բովանդակային քննության չի արժանացել։
3. Պատասխան չի տրվել անչափահասների մասնակցության վերաբերյալ մտահոգությանը։
Դիմումում հատուկ ընդգծել ենք, որ համերգների տոմսային էջերում նշված է եղել «0+» տարիքային սահմանափակում՝ չնայած կատարողի մի շարք ստեղծագործությունների բացահայտ անպարկեշտ և խնդրահարույց բովանդակությանը։
Նախարարությունը չի պարզաբանել՝ արդյոք գնահատվե՞լ է երեխաների և դեռահասների մասնակցության խնդիրը, և ինչպիսի՞ դիրքորոշում ունի այդ հարցում։
4. Ամբողջությամբ շրջանցվել է Մարզահամերգային համալիրի պետական սեփականության հարցը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գործում է 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով։
Այս հանգամանքը հատուկ ներկայացված էր մեր դիմումում։
Հետևաբար խոսքը միայն մասնավոր կազմակերպչի նախաձեռնության մասին չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող կարևոր մշակութային ենթակառուցվածքի օգտագործման։
Նախարարությունը չի անդրադարձել այս հանգամանքին և չի պարզաբանել՝ արդյոք հարցը քննարկվե՞լ կամ ներկայացվե՞լ է համալիրի ղեկավարությանը կամ պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։
5. Անտեսվել է այլ երկրի պետական մշակութային դիրքորոշման ներկայացված նախադեպը։
Դիմումում անդրադարձել ենք 2023 թվականին Ղրղզստանում Մորգենշտերնի ելույթի չեղարկման հանգամանքներին, երբ այդ երկրի մշակույթի նախարարությունը հրապարակայնորեն արտահայտել էր իր դիրքորոշումը և հարցը քննարկել կազմակերպիչների հետ։
Մենք չենք պահանջել Հայաստանում կիրառել Ղրղզստանի օրենսդրությունը, այլ ներկայացրել ենք օրինակ, թե ինչպես կարող է մշակույթի ոլորտի պետական մարմինն իր դիրքորոշումն արտահայտել մասնավոր նախաձեռնությամբ նախատեսված միջոցառման վերաբերյալ։
ԿԳՄՍ նախարարությունը չի անդրադարձել նաև այս փաստարկին։
6. Նախարարությունը չի պարզաբանել, թե ինչու չի կարող իր մշակութային քաղաքականության գործառույթների շրջանակում դիրքորոշում արտահայտել։
ՀՀ օրենսդրությամբ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պետական մշակութային քաղաքականության մշակման և իրականացման գործառույթներ։
Մասնավոր համերգների անմիջական կազմակերպիչ կամ վերահսկող մարմին չլինելը դեռ չի նշանակում, որ նախարարությունը չի կարող գնահատել մշակութային և հասարակական նշանակություն ունեցող խնդիրը կամ արտահայտել իր դիրքորոշումը։
Սակայն պատասխանում չի ներկայացվել իրավական հիմնավորում, թե ինչու է մեր պահանջած դիրքորոշման արտահայտումը կամ իրավասու մարմինների հետ հարցի քննարկումը դուրս նախարարության լիազորություններից։
7. Չի պարզաբանվել, թե ինչու դիմումը չի փոխանցվել այլ իրավասու մարմնի։
Եթե նախարարությունը գտնում է, որ ներկայացված հարցերի մի մասը դուրս է իր իրավասություններից, ապա առնվազն անհրաժեշտ էր պարզաբանել՝ արդյոք քննության առնվե՞լ է դրանք համապատասխան իրավասու պետական մարմիններին փոխանցելու հնարավորությունը։
Պատասխանում նման պարզաբանում նույնպես չկա։
Նախարարությունից ակնկալում ենք ոչ թե ընդհանուր բնույթի պատասխան, այլ ներկայացված հիմնավորումների բովանդակային քննություն, հստակ պաշտոնական դիրքորոշում և իր իրավասությունների շրջանակում հնարավոր գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ»,-ասված է հայտարարության մեջ։
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը նաև տեղեկացնում է, որ պատրաստվում են նոր դիմում-պահանջ ներկայացնել։
