00:00:00

Լարված իրավիճակ Աբովյանում․ բնակիչները պահանջում է վարչական դատարանի դատավորից չեղարկել իր կայացրած որոշումը

22:49, 15 մարտ 2026 Հասարակություն

Այսօր՝ մարտի 15-ին, Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» էին հավաքվել մի քանի աբովյանցիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի հասցեին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեր Աբովյան քաղաքը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և վերջինիս աշխատակազմի շնորհիվ, էս «Բենզինների» փողոցը փրկվեց ամեն պահի «ատոմային ռումբի» պայթյունից։

Ամիսներ առաջ տեսանք, ու աբովյանցիների գրեթե 90 տոկոսից ավելին ողջունեց այն քայլերը, որ քաղաքապետ Է. Բաբայանը իրականացնում է քաղաքում կանաչ գոտիների պահպանման և նորերի ստեղծման, խաղահրապարակների վերանորոգման և նորերի կառուցման ուղղությամբ։

Վերջին տարիներին Աբովյանում այնքան ճանապարհներ են վերադարձվել հետիոտներին, որ հիմա էլ չունենք այն մտավախությունը, որ հետիոտնի համար նախատեսված քայլելու տեղերը զավթված լինելու պատճառով ստիպված ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներով էինք քայլելու, ինչի պատճառով էլ բազմաթիվ վրաերթեր էին տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական։

Հիմա Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկը» մաքրվեց․ ապամոնտաժվեցին բենզա-գազալցակայանները, սննդի կետերը, և այդ տեղում հիմա տեսնում ենք, թե քաղաքապետարանը ինչպես է բարեկարգում տարածքը։ Տնկվել են ծառեր, ստեղծվել են կանաչ սիզամարգեր։

Իսկ ահա երբ հերթը հասել է բենզալցակայանի ապամոնտաժմանը, որը մեր կարծիքով նույնպես իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, այդ «կալոնկի» տերը դիմել է վարչական դատարան, ու այդ դատարանի դատավոր Արթուր Ավագյանը, առանց հաշվի առնելու աբովյանցիների մտահոգությունը, որոշում է կայացրել, որ մինչև դատական վճիռը այն չպետք է ապամոնտաժվի։

Հիմա հարց ենք ուղղում սույն դատավորին ու այդ բենզալցակայանի տերերին․ դուք ձեր ընտանիքով կապրե՞ք այդ բենզալցակայանի հարևանությամբ։ Իհարկե՝ ո՛չ։

Հո ձեր ընտանիքի անդամները ամեն անգամ գլուխները բարձին դնելիս ողջ գիշեր տագնապի մեջ չեն մնալու, թե ուր որ է պայթյուն է տեղի ունենալու։ Իսկ որ նման պայթյուններ թե Երևանում, թե մարզերում բազմաթիվ անգամներ են տեղի ունեցել՝ դա փաստ է։

Ապա «մեծն» դատավորը լավ կաներ հաշվի նստեր ժողովրդի կարծիքի հետ և որոշումը կայացներ ի շահ ժողովրդի, այլ ոչ թե մի քանի հոգու։

Դատավորն իր կայացրած վճռով գրեթե ամեն օր անեծքների է արժանանում, իսկ այսօր այստեղ ավելի շատ մարդ կլիներ․ պարզապես սա որպես նախազգուշացնող ակցիա է պատասխանատու մարմիններին, որպեսզի նախ Աբովյան քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ վայրերից մեկը փրկեն այդ պատուհաս դարձած բենզալցակայանից, այնուհետև վստահ ենք, որ Աբովյանի քաղաքապետարանը, ինչպես ապամոնտաժված մյուս բենզալցակայանի տարածքն է բարեկարգել, սա էլ կանի, բայց դատավորի մի ոչ ճիշտ որոշումը որոշ ժամանակով հետաձգել է այդ բարեկարգումը։

Այսօր նաև որոշել էինք բազմաթիվ աբովյանցիներով կաթվածահար անել երթևեկությունը Աբովյան քաղաքի այս հատվածում, բայց վերջին պահին որոշեցինք չդիմել այդ կտրուկ քայլին՝ հույս ունենալով, որ «դատավորն ապրած կենան» իր որոշումը կբեկանի։

Եթե դատավորը ի շահ ժողովրդի որոշում չկայացնի, հետո թող չասի, թե այսքան անեծքներ որտեղից թափվեցին իր գլխին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր