00:00:00

Ալբանիայում բողոքի ցույցերը շարունակվում են․ հարյուրավոր վիրավորներ, բախումներ ոստիկանության հետ և վարչապետի հրաժարականի պահանջ

23:47, 19 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վեցերորդ օրն անընդմեջ շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք վերածվել են ցուցարարների և ոստիկանության միջև բռնի բախումների։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ դժգոհելով կոռուպցիայից, կրթության բարձր ծախսերից և սոցիալ-տնտեսական խնդիրներից, հաղորդում է Euronews-ը։

Հոկտեմբերի 18-ին հարյուրավոր ցուցարարներ կրկին հավաքվել են երկրի կրթության նախարարության շենքի մոտ՝ վանկարկելով վարչապետի հրաժարականի պահանջներ։ Ոստիկանության՝ հավաքվածներին ցրելու փորձերից հետո բախումները տարածվել են մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում։

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր, հրավառության միջոցներ և հրկիզող խառնուրդով շշեր են նետել։ Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների կիրառմամբ։

Անկարգությունների ընթացքում հրկիզվել են աղբամաններ, ավտոմեքենաներ և մի շարք շինություններ։ Վնասվել են իշխող Սոցիալիստական կուսակցության գրասենյակը, ոստիկանության բաժանմունքը և Ներքին գործերի նախարարության շենքի մուտքը։

Ալբանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի բախումների հետևանքով տուժել է 28 մարդ, այդ թվում՝ 19 ոստիկան, չորս ցուցարար, չորս անցորդ և մեկ լրագրող։

Հոկտեմբերի 13-ից սկսված բախումների ընթացքում վիրավորների ընդհանուր թիվը հասել է 272-ի, որոնցից 169-ը ոստիկաններ են։

Բողոքի շարժման ակտիվացմանը նպաստել է ավագ դպրոցների և համալսարանների ուսանողների միացումը ցույցերին։ Նրանք պահանջում են բարելավել կրթության որակը, նվազեցնել ուսման վարձերը, ընդլայնել երիտասարդների զբաղվածության հնարավորությունները և պայքարել կոռուպցիայի դեմ։

Հակակառավարական դժգոհության ալիքը սկսվել էր դեռևս մայիսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապվող շքեղ զբոսաշրջային համալիրի կառուցման վիճահարույց նախագծի դեմ բողոքներից։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել էկոլոգիապես պահպանվող առափնյա տարածքում։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մերժել է հրաժարական տալու պահանջները՝ հայտարարելով, որ կառավարությունը շարունակելու է իր աշխատանքը։ Նա նաև պնդել է, որ անկարգությունների սրման հետևում արտաքին միջամտություն կա, սակայն այդ պնդման ապացույցներ չի ներկայացրել։

Եվրոպական հանձնաժողովը դատապարտել է բռնությունները՝ ընդգծելով, որ իրավապահների արձագանքը պետք է լինի համաչափ, իսկ հասարակական դժգոհությունները պետք է լուծվեն խաղաղ երկխոսության միջոցով։

ԱՄՆ դեսպանատունը ևս կողմերին զսպվածության և հանգստության կոչ է արել։

Ալբանիան ձգտում է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ, սակայն երկրում շարունակվող քաղաքական և հասարակական լարվածությունը նոր մարտահրավերներ է ստեղծում այդ գործընթացի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր