00:00:00

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը

23:25, 19 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման հարցերը։

Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն հանդիպել է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ռաշիդ Մոհամմեդ ալ Շամսիի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների զինծառայողների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությունները, ռազմական ոլորտում իրականացվող միջոցառումները և երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Բանակցություններից հետո ԱՄԷ-ի պատվիրակությունն այցելել է զորավարժությունների շտաբ, որտեղ ծանոթացել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող հրամանատարական և կառավարման համակարգերին, ինչպես նաև ուսումնասիրել ավիացիոն տեխնիկան։

 

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ԱՄԷ-ի նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Սաիֆ ալ Քաաբիի գլխավորած պատվիրակությունը ևս այցելել էր Ադրբեջան՝ մասնակցելու «Falcons Meet – 2026» համատեղ մարտավարական թռիչքային զորավարժություններին։

Այցի շրջանակում քննարկվել էին նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է նաև ԱՄԷ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսա Սաիֆ բին Աբլան ալ Մազրուիի հետ։ Կողմերն ընդգծել են համատեղ զորավարժությունների և ռազմական փորձի փոխանակման կարևորությունը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր