00:00:00

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի համաժողովը, մինչդեռ աշխարհը հետ է մնում բնության պահպանության գրեթե բոլոր նպատակներից․ Reuters-ի արձագանքը

23:14, 19 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Երևանում հոկտեմբերի 19-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջազգային հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ աշխարհը զգալիորեն հետ է մնում բնության պահպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարումից․ Reuters գործակալության՝ անդրադարձը։

Համաժողովի շրջանակում տարբեր երկրների ղեկավարներ, դիվանագետներ և բնապահպանական փորձագետներ քննարկում են կենսաբազմազանության կորստի կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև ֆինանսավորման և բնապահպանական քաղաքականության հետ կապված խնդիրները։

COP17-ը 2022 թվականին ընդունված Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ընթացքի առաջին խոշոր գնահատումն է։ Համաձայնագրի առանցքային նպատակներից է մինչև 2030 թվականը Երկրի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանության ապահովումը։

Սակայն ՄԱԿ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ սահմանված 23 գլոբալ նպատակների մեծ մասի իրականացումը չի ընթանում անհրաժեշտ տեմպերով։

Reuters-ի փոխանցմամբ՝ մինչև 2030 թվականը պահպանվող ցամաքային տարածքների մասնաբաժինը կարող է հասնել շուրջ 27,5 տոկոսի, սակայն դա դեռ բավարար չէ միջազգային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար։

Բնապահպանական հիմնական մարտահրավերների թվում են թունաքիմիկատների չափազանց մեծ օգտագործումը, անկայուն ձկնորսությունը, բնական էկոհամակարգերի ոչնչացումը և շրջակա միջավայրին վնաս հասցնող տնտեսական գործունեության պետական սուբսիդավորումը։

Փորձագետները զգուշացնում են, որ կենսաբազմազանության շարունակական կորուստը սպառնում է ոչ միայն կենդանական և բուսական աշխարհին, այլև պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսներին և համաշխարհային տնտեսական կայունությանը։

Համաժողովի առանցքային հարցերից մեկը ֆինանսավորումն է։ Միջազգային հանրությունը նախատեսում է մինչև 2030 թվականը տարեկան 200 միլիարդ դոլար ներգրավել կենսաբազմազանության պահպանության նպատակով, այդ թվում՝ զարգացող երկրների համար ապահովելով տարեկան 30 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական աջակցություն։

Քննարկվում է նաև բնությանը վնաս հասցնող շուրջ 500 միլիարդ դոլարի տարեկան սուբսիդիաների կրճատման և վերաուղղորդման անհրաժեշտությունը։

Համաժողովին մասնակցող ավելի քան 130 խոշոր ընկերություններ, այդ թվում՝ H&M-ը և Nestlé-ն, կոչ են արել կառավարություններին հստակ քայլեր ձեռնարկել բնապահպանական նպատակների իրականացման և կայուն ներդրումների խթանման ուղղությամբ։

Երևանում անցկացվող բանակցությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 30-ը։ Ակնկալվում է, որ մասնակից երկրները կքննարկեն բնության պահպանության միջազգային պարտավորությունների կատարման արագացման և ֆինանսական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները։

Հայաստանի համար COP17-ի անցկացումը նաև միջազգային նշանակության հնարավորություն է՝ երկիրը ներկայացնելու որպես բնապահպանական քաղաքականության և բազմակողմ համագործակցության քննարկումների հարթակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր