00:00:00

Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին. «Ժողովուրդ»

13:40, 20 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` որոշում է կայացվել հրաժարվել բաժանորդագրումից. սա հիմնականում կապված է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիության հետ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» շարունակում է ստանալ թերթեր, ի թիվս իր այլ բազմաթիվ գործառույթների կատարում է մամուլի մոնիտորինգ և ներկայացնում պաշտոնյաների ուշադրությանը»,- պարզաբանել է նա: Եթե նման որոշում կայացներ նախկին վարչապետներից որևէ մեկի ղեկավարած կառավարությունը, մենք չէինք զարմանա, և կհամարեինք բնական. ի վերջո այդ պաշտոնյաները միշտ էլ մամուլին որպես հակառակորդ են դիտարկել` չխորշելով անցանկալի լրատվամիջոցների ճանապարհին հարուցել զանազան խոչընդոտներ: Բայց արի ու տես, որ նման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն դեպքում, երբ վարչապետն ինքը երկար տարիներ եղել է հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, և լավ գիտի, թե տպագիր մամուլի համար ֆինանսական ինչպիսի լուրջ հարված է բաժանորդագրումից հրաժարվելը: Սա նշանակում է քայլ անել մամուլը սնանկացնելու ուղղությամբ: Ընդ որում` այդպես կառավարությունը չնչին միջոցներ է խնայում: Ինչ վերաբերում է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիությանը, ապա շատերն իրենց հրապարակումները տեղադրում են հաջորդ օրը, որպեսզի չխանգարի վաճառքին: և վերջապես, մամուլի մոնիտորինգը ևս չի կարող փոխարինել թերթ ընթերցելուն թեկուզ և այն պատճառով, որ մոնիտորինգ իրականացնողն իր պատկերացումների շրջանակներում է ներկայացնում կարդացած հոդվածը, և նախկինում նման դեպքերում եղել են նյութերի բովանդակությունը ներկայացնելիս թյուրիմացություններ: Այնուամենայնիվ հակված ենք մտածելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս որոշումից, ու կառավարության աշխատակազմն ինքնագլուխ կերպով է գնացել նման քայլի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր