00:00:00

Երեւանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուն. «Ժամանակ»

13:00, 20 հուլիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձեւավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ եւ առավել եւս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է: Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարեւոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը: Իհարկե, ինքնին բավարար կլինի թերեւս Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, եւ նրա օգտին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել եւս, որ կարծես թե չկան նաեւ ուժեղ մրցակիցներ: Սակայն տվյալ պարագայում խոսքը հանրապետության մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը եւ գուցե ավելին, եւ նույնը նաեւ կառավարվող ռեսուրսների մասով: Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, եւ ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանակի: Այստեղ երեւանցիներին առաջնորդելու հարց է, որովհետեւ մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երեւանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետեւ քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաեւ իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում: Դա, իհարկե, ներառում է նաեւ Երեւանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ եւ այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի եւ առաջնորդության կարեւոր խնդիրը որոշակիորեն թեթեւացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երեւանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը: Ի վերջո, դա չի կարող երկար ժամկետում զգացնել չտալ իր ռիսկերի մասով, հետեւաբար պետք է օգտագործել դրանք նվազեցնելու հնարավորությունը: Եվ եթե քաղաքական թիմում չկա այդպիսի խարիզմատիկ քաղաքային առաջնորդի հավակնորդ, ապա թերեւս պետք է չմնալ կուսակցական կամ դաշինքային ֆորմատի շրջանակում, եւ ընդլայնել թեկնածուի որոնման շրջանակը, ինչի պարագայում որոնումը անխուսափելիորեն կտա իր արդյունքը, միաժամանակ նաեւ թարմ եւ նոր շնչառություն հաղորդելով թավշյա հեղափոխության ներկայիս փուլին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր