00:00:00

Հրետանու զորավարժություն է անցկացվել. սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ

18:09, 06 հուլիս 2018 Ֆոտոշարք

Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական եւ մասնագիտական ունակությունները կատարելագործելն է եղել՝ մարտական պատրաստականության եւ ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում`նաեւ իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար: Զորավարժությունն անցկացվել է գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմը հանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրման ժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը: Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա եւ կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացս յուրաքանչյուր գործողություն ստուգել եւ գնահատել են հանձնաժողովի անդամները: Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել եւ ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները եւ որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվել է զորավարժության մարտական հրաձգության փուլը: Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվել են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներն ու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարվել եւ տվյալները արագ փոխանցվել մարտական հաշվարկներին: Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցրել է ձեռնարկված գրոհը, կանխել հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվել ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվել են բազմաթիվ պլանային եւ արտապլանային առաջադրանքներ: Թիրախները խոցվել են ժամանակին եւ դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետեւից ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան: Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաեւ փաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում է նրանց մարտական պատրաստվածության եւ բարոյահոգեբանական վիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր