00:00:00

Ռոբերտ Քոչարյանի և Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»

13:58, 27 հունիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` հայտարարելով, որ այդ գործի առնչությամբ երկու կարևոր տեսաերիզներ կան, որոնք հավանաբար պահպանվում են վերջերս ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: «Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, և խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի նախագահի՝ Ալեքսան Հարությունյանի՝ ՊՆ-ում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարություններին, որի տեսաերիզը վստահ եմ` Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն, և հենց իր հրահանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտա՞ք, թե՞ ոչ, այդ տեսաերիզը կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։ Կա նաև երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարևոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծիկը. դա Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետև այդտեղ է եղել ռազմական ոստիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում` ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։ Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժամանակ եղել է ուղիղ խոսակցություն, և ոճրագործն իր ձեռքին ուներ թուղթ, որով պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի»,- ասել է Արամ Սարգսյանը: Միաժամանակ, նա նշել է, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված գաղտնիքների բացահայտման ժամանակը հեղափոխության շրջանը չէ։ Բայց և նա հույս ունի, որ բազմաթիվ գործընթացներ կան թավշյա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքեր հանդիսանալ, որից ելնելով՝ գործը վերաբացվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր