00:00:00

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

02:22, 26 հունիս 2018 Ֆոտոշարք

Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման և կանխարգելիչ պատվաստումների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված զորակոչիկների բժշկական փորձաքննության նոր կարգի պահանջներին: Ներկայացվել են նաև «Ես եմ» և ամառային զորակոչին մեկնարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենսպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, բանակի և հասարակության միջև առկա կապի և զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև խիստ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հավաքակայանում, այլև զորամասերում նորակոչիկների դիմավորումը  պատշաճ կազմակերպելու և բանակային կյանքին հարմարվելու գործընթացը հնարավորինս դյուրին և սահուն ապահովելու, ինչպես նաև գործող օրենսդրության համաձայն նախկին՝ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնության փոխարեն որոշ կատեգորիաների զինծառայողների համար սահմանված արտոնությունների նոր ձևաչափը լիարժեքորեն և օրենքի տառին համապատասխան կիրառելու նպատակով: Հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետի՝ արտերկրում գտնվող երիտասարդներին ուղղված հայրենիք վերադառնալու և ծառայության անցնելու կոչը, նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու և օդանավակայանից սկսած արվելու է առավելագույնը զորակոչիկներին իրենց իրավունքների, պարտականությունների և հետագա գործողությունների վերաբերյալ իրազեկելու և հայրենադարձ երիտասարդների՝ բանակ զորակոչվելու որոշումը առանց խնդիրների և հավուր պատշաճի կյանքի կոչելու համար: Հանրապետական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը անցկացրել են զորակոչի աշխատանքներին ներգրավված անձնակազմի շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը զորակոչի անցկացմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, վիճակահանության դահլիճում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին, վիճակահանության ընթացակարգի մանրամասներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր