00:00:00

Գյումրու պատմական միջուկում բռնկված հրդեհի հետեւանքով քաղաքացի է այրվել

23:25, 25 հունիս 2018 Ֆոտոշարք

Գյումրու Հանեսօղլյան փողոց 6 հասցեում բռնկված հրդեհն առաջինը զգացել է քնած հարեւանը: Կոտրվող փայտերի ձայնից արթնացել, դուրս է եկել բակ եւ տներին հարակից խորդանոց-խոհանոցները բոցերի մեջ է գտել: Արագ զանգել է հրշեջ-փրկարարներին: Այնուհետ այրվող խորդանոցում տեսել է իր հարեւան Ժոռային, դուրս է բերել նրան եւ զանգել շտապբուժօգնություն: Տուժածը մարմնի 50 տոկոս այրվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «1940 թվականին ծնված քաղաքացին ստացել է գլխի, պարանոցի, իրանի, վերին երկու զույգ վերջույթների ջերմային այրվածք: Ժոռա Արեստակեսյանը հոսպիտալացվել է այրվածքային շոկ ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում իրականացվել են ինտենսիվ, թերապեւտիկ եւ հակաշոկային միջոցառումներ՝ տուժած քաղաքացուն ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու եւ Երեւան տեղափոխելու համար»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բկ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը:Հասցեն, որտեղ բռնկվել է հրդեհը, Կումայրի պատմական միջուկի բուն կենտրոնում է գտնվում: Հանեսօղլյան 6-ում 3 առանձին բնակարաններ կան, որոնց խորդանոցներն ու խոհանոցները գտնվում են տներից դուրս, բակում, եւ միմյանց կիպ են կառուցված: Այդ պատճառով էլ հավանաբար հրդեհն արագ է տարածվել: Դրանից բացի, ըստ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի, այրված տարածքներում ընտանիքները տարիներ շարունակ հավաքել ու պահել են իրենց պետք չեկող իրեր: Մոտ 100 քմ մակերես է ընդգրկել հրդեհը: Հրդեհի առաջացման պատճառների մասին մասնագետները դեռ խոսել չեն կարող: «Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել ու դուրս է հանվել կենցաղում օգտագործվող գազի բալոն: Բայց պայթյուն չի եղել, նման տեղեկություն չունենք»,-ասաց Կարեն Եղշատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր