00:00:00

Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան

17:49, 18 հունիս 2018

Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը եւ նրան պատկանող տարածքներում խուզարկություններին, ասաց, որ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, արձանագրում է, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն արտահայտման հետ: Նրա խոսքով, այս գործն առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող ու շոկային են հայ հանրության համար. «Ես շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, նաեւ խնդրել եմ շնորհակալության խոսքերը փոխանցել ԱԱԾ աշխատակիցներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք, որի ընթացքում նաեւ որոշակի օրակարգ ենք ձեւակերպել, որը վերաբերում է նաեւ իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Ես առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որ այս հարցում հստակեցումներ մտցնենք եւ զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը»,-հայտարարեց Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով. «Գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երեւույթի հետ: Գործը հանձնվել է ՀՔԾ-ին, եւ հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ոչ ես, ոչ հայ հանրությունը չենք տեսնում որեւէ խոչընդոտ, որ այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն եւ պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից եւ այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչեւ վերջ, ոչ մի խոչընդոտ չկա ու չի կարող լինել: Կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, Կոռուպցիան ՀՀ-ից արմատախիլ է արվելու, թող ոչ ոք չկասկածի, որ դրան հասնելու ենք»,-ընդգծեց վարչապետը: Նա նկատեց, որ հիմա արդեն կարող են փաստացի արձանագրել, որ տարիներ շարունակ պնդումները, թե երկիրը սիստեմատիկ կերպով թալանվել է, հիմնավորվում են եւ թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն եւ պատասխանատվության կանչվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր