00:00:00

Իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Մարուքյանը՝ ԱԱԾ սկանդալային բացահայտումներից

16:04, 18 հունիս 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված իրադարձություններին, ասաց, որ իրենք խստիվ դատապարտում են տեղի ունեցածը։ «Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնության ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չի, որ տանես մի տեղ պահես, իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Մարուքյանը։ Նա ընդգծեց, որ թեև Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտի և աջակցի իրավական մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։ Մարուքյանը նաև չբացառեց, որ կառավարությունը կարող է նիստ գումարել և վաղը գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգի որոշման մեջ լրացում կատարել՝ ավելացնելով ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ «Վաղը պարոն Գրիգորյանի ձերբակալման 72 ժամն է լրանում», - ասաց նա։ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ապագայում կլինեն այլ բացահայտումներ ևս: «Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատես կլինենք», - ընդգծեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր