00:00:00

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների օգնությունը գողացել է. Նիկոլ Փաշինյան

21:34, 17 հունիս 2018

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ, նրա ձերբակալությունը կապված է նրա հետ, որ Մանվել Գրիգորյանը կապված է ապրիլյան  պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակով օգնության յուրացման հետ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրեց. «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր կենդանիներին` իր արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է. «Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երեւանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող եւ ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին»: Վարչապետը վստահեցրեց, որ չի ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, դա որոշում է դատարանը, բայց ուզում է հստակ պարզաբանել, որ գեներալի ձերբակալությունը կապված չէ միայն զենք-զինամթերք պահելու կասկածների հետ: Փաշինյանի խոսքով` բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաեւ բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ. «Բացի այս, այսօր, երբ մեր բանակը սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պետք է մի մասնավոր անձի տակ լինի ահռելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք ապօրինի, ինչու պետք է լինի: Եթե մենք ասում ենք` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մենք ի՞նչ ի նկատի ունենք, որ կան մարդիկ, որոնք կարող են անել ամեն ի՞նչ, կան մարդիկ, որոնք իրենց քաղաքներում եւ փողոցներում կարող են արգելափակոցներ դնել եւ քաղաքացիներին արգելել այդ փողոցներում քայլել եւ որոշել ով, ոնց պիտի քայլի՞: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երեւույթներ չեն լինելու, անկախ նրանից, թե ով է այդ երեւույթների հեղինակը` ազգային հերոս, թե ասենք վարչապետի ընտանիքի անդամ, չի լինելու էդպիսի բան»: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հստակ գնահատականը այս մասին ասի. «Ես հիմա սա ասում եմ բանավոր, իսկ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի նյութերը եւ ՀՀ քաղաքացիներն հնարավորություն կունենան տեսնել այդ նյութերը եւ անել հետեւություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր