Հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ գյուղերի տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, իսկ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Մինչ ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, ՈՒջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:
***
Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս.թ. հունիսի 8-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները. քաղաքացին չի գտնվել: