00:00:00

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

16:24, 13 հունիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Հանդիպման մասնակիցները կարևորել են  կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած  հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։ Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են բանակցային  գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը,  անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր