00:00:00

«Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով». Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ (տեսանյութ)

02:46, 13 հունիս 2018

Հարգարժա՛ն Սերգեյ Պավելի, Նախևառաջ, ևս մեկ անգամ, բարի գալուստ Հայաստան։ Տիկնայք և պարոնայք Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ռուս ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր հայրենիքին․ հազարամյա պատմություն և յուրօրինակ մշակութային ժառանգություն ունեցող երկիր, որն ահռելի տարածության վրա միավորել է բազմաթիվ ազգեր, մշակույթներ և ճակատագրեր: Այս տոնի ժողովրդականության մասին է վկայում նաև այն փաստը, որ ռուս ժողովուրդն այն տոնում է ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս՝ ընկերների շրջապատում, և ինչպես տեսնում եք այսօր՝ ընկերների այդ շրջապատը բավականին մեծ է: Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով, որի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները՝ վստահորեն զարգանալով դաշնակցային համագործակցության հունով: Այս ռազմավարական ուղղությունն անշեղորեն զարգանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով և դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրով ամրագրված սկզբունքների հիման վրա: Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, աչքի են ընկնում բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքականության լայն համադրմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ: Ինտենիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, նորարարական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեցտարի նոր թափ են առնում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է համագործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը: Մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրում ունեն Ռուսաստանում հայ համայնքը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսները, ովքեր դարձել են մեր պետություններն և ժողովուրդներին իրենց ճակատագրերով, դրանց միահյուսվածությամբ իրար կապող կարևոր կենդանի կամուրջ։ Կցանկանայի երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ: Ովքեր իրենց ամենօրյա ոչ միշտ բարձրաձայնվող աշխատանքի շնորհիվ փորձում են հարստացնել Այն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ռուսաստանյան հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ բոլոր ներկաներին առողջություն և հաջողություն, Ռուսաստանին և ողջ ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: https://www.youtube.com/watch?v=MAmKrFyRUzQ ՀՀ ԱԳՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր