00:00:00

Առաջիկայում պատրաստվում ենք խորհուրդների ձևավորման կարգի փոփոխության հարցը քննարկել. Արայիկ Հարությունյան

02:00, 13 հունիս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախ ներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու է հանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների կրթության վարչության աշխատանքից ավանդաբար մեծ դժգոհություն է եղել, որն առաջին հերթին կապված է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրենների ընտրության և, առհասարակ, դպրոցների նկատմամբ վերահսկողության հետ: «Մեր առաջին ուղերձը եղել է ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման հարցը. այս մասին բոլորն են հայտարարել՝ սկսած երկրի վարչապետից մինչև նախարար: Հետևաբար, սա պետք է լինի ամենախիստ վերահսկվող թեմաներից մեկը, և մենք իրավունք չունենք այս առումով նոր խնդիրներ ստեղծել: Բացի այդ, պետք է այնպես անել, որ դպրոցների կառավարման խորհուրդներում ձեր կողմից նշանակվելիք անձինք չառաջնորդվեն նեղ խմբային և կուսակցական, այլ բացառապես կրթության ոլորտի շահերով: Սա պետք է լինի առաջնահերթություն: Իհարկե, առաջիկայում պատրաստվում ենք խորհուրդների ձևավորման կարգի փոփոխության հարցը քննարկել, որը, բնականաբար, արագ չի լինի: Հետևաբար, առաջիկա ամիսներին ձեր գործողություններն այս առումով շատ կարևոր են լինելու»,-դիմելով կրթության վարչության պետերին՝ նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք, մասնավորապես, վերաբերել են սահմանամերձ համայնքների դպրոցներում ուսուցիչների պահանջարկի, ֆինանսավորման մեխանիզմների, ուսումնական պլանի, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, բազմահամակազմ դասարանների ուսուցման կազմակերպման և այլ խնդիրների: ՀՀ ԿԳ նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր