Ի՞նչ նկատի ունենք, երբ ասացիք՝ կրքերը հանդարտվել են, և մարդկանց արդեն կալանքից ազատում են, խափանման միջոցը փոխվում է. ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը ՍԴ դատավորի թեկնածու ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ի՞նչ կրքեր են հանդարտվել, որ դատարաններն այլևս սկսել են ենթադրաբար ավելի լավ աշխատել, քան ժամանակին աշխատում էին, և ժամանակին ի՞նչ կրքեր կային, երբ դատարանները մասսայաբար կալանքը որպես խափանման միջոց էին հայտարարում»,-հարցրեց նա:
Նշենք, որ Ելիզավետա Դանիելյանն դրանից քիչ առաջ հայտարարել էր, թե «Սասնա ծռերի» եւ մյուս գործերով ամբաստանյալներն ազատ են արձակվում, քանի որ իրավիճակը հանդարտվել է եւ դատարանները կարողանում են նորմալ գործել:
Նա ի պատասխան Մարուքյանի, նշեց. «Կրքերի հանդարտման առումով նկատի ունեի, որ ստեղծվել է մի վիճակ, երբ դատարանները հնարավորություն ստացան անցկացնել դատական նիստեր: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դժգոհություններ հայտնելով դատարաններից, դատաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ բոյկոտում էին նիստերը, դատարանի նկատմամբ անհարգալից դսրեւորում էին ցուցաբերում, որի պայմաններում անգամ դատական նիստեր չէին կայանում: Այդ առումով հիմա դատարանները մտան հանգիստ փուլ եւ կարողացան խափանման միջոցները փոխել, ինչը ուրախալի է»:
Մարուքյանն էլ նկատեց. «Այսինքն ստացվում է, որ նախքան Հայաստանում վերջին փոփոխությունները դատարանները չէին կարողանում նիստեր գումարել, թե չէ անպայման խափանման միջոց կալանքը կփոխեի՞ն»: