Ամուլսարի ծրագրի շահագործումից, Կառավարության հաշվարկներով, պետական բյուջե վճարվելիք տարեկան հարկերը, տուրքերը և ռոյալթին կկազմեն 130 միլիոն դոլար։ Ծրագիրը նաև տարեկան շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագրում ներդրվել է ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ շահագործման փուլում նախատեսվում է ավելի քան 210 հազար ունցիա ոսկու արտադրություն։
«Մեր հաշվարկներով՝ հարկեր, տուրքեր, ռոյալթի՝ միայն 130 միլիոն դոլար պետական բյուջե վճարում է լինելու։ Եվ գումարած՝ իհարկե, 12,5 տոկոս Կառավարությունը սեփականատեր է այս պրոյեկտի մեջ, այսինքն՝ մենք մասնաբաժին ունենք։ Սա նույնպես կարևոր է»,– ասաց Պապոյանը։Նա ծրագիրը բնութագրեց որպես պետություն–մասնավոր համագործակցության կարևոր օրինակ՝ ընդգծելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու հնարավորությունը՝ պահպանելով նաև բնապահպանական պահանջները։
Պապոյանի գնահատմամբ՝ Ամուլսարի նշանակությունը միայն ներդրումներով և հարկային մուտքերով չի կարևորվում։«Սա պարզապես շատ մեծ ներդրումների, շատ աշխատատեղերի, շատ հարկերի մասին պատմություն չէ։ Սա նաև ստանդարտների մասին պատմություն է, հանքարդյունաբերության ստանդարտների մասին պատմություն է»,– շեշտեց նախարարը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված միջավայրը Հայաստան է բերել նոր ապրանքանիշներ, չափանիշներ և բիզնեսի վարման մշակույթ՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով նաև տնտեսության այլ ճյուղերի համար։Անդրադառնալով համայնքների աջակցությանը՝ Պապոյանը հիշեցրեց Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրված հուշագիրը, որով «Լիդիան Արմենիա»-ն աջակցություն է տրամադրելու համայնքներին՝ ծրագրի անմիջական շահառու դարձնելով նաև դրանց բնակիչներին։
«Ես կարծում եմ ու վստահ եմ, որ սրա արդյունքում ոչ միայն հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու՝ ուղղակի և անուղղակի, այլ նաև ստեղծվելու է մի տնտեսական այնպիսի շարժիչ, որը իր հետևից ընդհանրապես այս տարածաշրջանի, հատկապես Վայքի, Ջերմուկի, Սիսիանի համար նոր ճանապարհ է բացելու»,– ասաց Պապոյանը։Նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը մասնակցած անձանց՝ ընդգծելով, որ դրա անցած ճանապարհը հեշտ չի եղել։