Թուրքիան շարունակում է Կարս-Իգդիր-Արալըք երկաթուղային գծի շինարարությունը, որը կարևոր նշանակություն ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում տրանսպորտային հաղորդակցության զարգացման համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, տեղեկացնում է Ekovitrin-ը:
Նշվում է, որ Albayrak Media-ի կազմակերպած «Թուրքիայի դարը տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում» գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Ուրալօղլուն խոսել է երկրի երկաթուղային ցանցի զարգացման մասին և նշել, որ Կարս -Իգդիր- Արալըք հատվածում աշխատանքները շարունակվում են։
Նրա խոսքով՝ այս գիծը ռազմավարական նշանակություն ունի արևելյան ուղղությամբ Թուրքիայի երկաթուղային կապերի ամրապնդման համար։ Նախագիծը պետք է ապահովի Թուրքիայի տրանսպորտային ցանցի ելքը դեպի Նախիջևան՝ Դիլուջու սահմանային անցակետով, և հետագայում նպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության զարգացմանը։
Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել երկաթուղային ենթակառուցվածքի ընդլայնումը՝ այդ թվում հաշվի առնելով դրա դերը տարածաշրջանային տրանսպորտային երթուղիներում։