Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգծել են բոլոր ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ու փոխգործակցությունը ամրապնդելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը։
Փեզեշքիանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի ղեկավարությանն ու ժողովրդին մաղթելով «հաջողություններ, աճ և բարգավաճում»։ Նա նշել է Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը շարունակելու ու ամրապնդելու անհրաժեշտությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ հարաբերությունների հետագա զարգացումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին շնորհավորանքների համար և Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում, անվտանգություն և հաջողություններ։
Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության զարգացմանը՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ փոխգործակցությունը շարունակվում է՝ չնայած տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է մի շարք երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կարգավորմանը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է իր դերակատարումն ունենալ այդ գործընթացներում և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է իրանցի ժողովրդի տոկունությունը արտաքին ագրեսիային դիմակայելիս։ Նրա խոսքով՝ Իրանի արիությունը գրավել է աշխարհի շատ երկրների ուշադրությունը։
Պուտինը կարևորել է նաև Մոսկվայի և Թեհրանի միջև մշտական շփումներն ու սերտ փոխգործակցությունը։ Զրույցի ընթացքում նա իր ջերմ մաղթանքներն է փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին։
Զրույցի ավարտին երկու նախագահները վերահաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև երկկողմ ու ռազմավարական համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու իրենց մտադրությունը։