Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը ահազանգում է՝ ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը․
«ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։
Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025), և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմաթիվ անգամ հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։
Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարրատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ։
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:
ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:
Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը:
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը` հենվելով եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների վրա: